Կրթություն ընդդեմ թրաֆիքինգի

2009-12-18

«Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին կրթության ոլորտի պատասխանատուներ և փորձագետներ:

Ծրագրի շրջանակում հաջորդ տարի նախատեսվում է հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. այդ նպատակով նախօրոք պատրաստվել են համապատասխան մասնագետներ: Քննարկմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշեց, որ այսօր դպրոցներում մեծ խնդիր կա «Դաստիարակության հայեցակարգի» հետ կապված, որն այժմ մշակման փուլում է: Նախարարի տեղակալը կարևորեց դաստիարակության դերը հասարակության և, մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքում:
«Ես առաջարկում եմ վերապատրաստման ընթացքում տեխնոլոգիաների տեսակետից չկաղապարվել և ստեղծագործաբար մոտենալ այս հարցին. կադրային քաղաքականության և մանկավարժական  կատարելագործման ոլորտում անհրաժեշտ է նոր մոտեցումներ, տեխնոլոգիաներ և մեթոդիկաներ ամրագրել»,-փաստեց նախարարի տեղակալը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ դեկտեմբերի 18-ը նաև Միգրանտների միջազգային օրն է, և այս հանդիպումն էլ լավագույն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալ այս խմբում ընդգրկված մարդկանց իրավունքների պաշտպանությանը: «Մարդկանց առևտուրը համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում,  և այս համատեքստում առավելապես խոցելի են դառնում հատկապես երեխաները, որոնք, լինելով  դեռևս լիովին չձևավորված անձինք, ավելի հակված են վտանգներին»,-նշեց գրասենյակի ղեկավարը:
Հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ երեխաների հետ տարվող աշխատանքները բոլոր երկրներում  ամենապատասխանատու գործընթացներն են:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։