Կրթության պետական տեսչությունն ամփոփում է տարին

2009-12-18

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանն այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում ներկայացրեց կրթության պետական տեսչության 2009 թվականին կատարած աշխատանքները: Ամփոփելով տարին` Խ. Մուրադյանը նշեց, որ 2009 թվականին տեսչությանը հասցեագրվել է 571 գրություն, որից 289-ը կազմել են դիմում-բողոքները, այդ թվում` «թեժ գծով» ստացվել է 11 ահազանգ: Ուսումնասիրություններ են կատարվել Երևանի և ՀՀ մարզերի 395 ուսումնական հաստատություններում, ստուգումներ` 73, մշտադիտարկումներ` 30 ուսումնական հաստատություններում: 
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիմնական խնդիրը կապված է եղել լիցենզիաների բացակայության հետ, բացի այդ, ղեկավար և մանկավարժական կազմը հիմնականում համալրված է եղել ոչ մասնագետ կադրերով, ուսուցիչները չեն մասնակցել վերապատրաստման դասընթացներին, կանոնադրությունները հիմնականում չեն համապատասխանել օրինակելի կանոնադրությանը և այլն:
 ՀՀ կրթության պետական տեսչությանը հասցեագրված 289 դիմում-բողոքներում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են մանկավարժների` աշխատանքից ազատմանը, դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, տնօրենների  մրցույթի անցկացման  և նշանակման, կառավարման խորհուրդների ձևավորման օրինականության խախտմանը, աշխատանքում վերականգնմանը:
Տեսչավորումների, ստուգումների, ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում բացահայտված խախտումների հետևանքները և թերությունները վերացնելու նպատակով ուսումնական հաստատությունների տնօրեններին, կառավարման խորհուրդներին տեսչության պետի կողմից տրվել են ընդհանուր թվով 221 կատարման համար պարտադիր հանձնարարականներ, որոնց կատարման նկատմամբ իրականացվել է վերահսկողություն, ցուցաբերվել մեթոդական օգնություն:
Վերոնշյալ խախտումների և  թերությունների հետևանքներն իրենց իրավասության սահմաններում լուծելու ուղղությամբ առաջարկություններ են ներկայացվել պետական լիազորված և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը հիմնականում ներկայացրեց այն հիմնախնդիրները, որոնք արձանագրված են հանրապետության համարյա թե բոլոր ուսումնական հաստատություններում և նշեց, որ դրանց լուծման ուղղությամբ արդեն ձևավորվել են առաջարկներ, և հաջորդ տարվա ընթացքում դրանք կներառվեն իրականացվող գործընթացներում:
Կրթության պետական տեսչության պետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին տնօրենների ընտրությանը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, դպրոցական դասագրքերին և այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։