ՀՀ-ն կարող է նաև գիտելիք արտահանել

2010-04-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս-Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ բարձր է գնահատում «Սինոփսիս» ընկերության գործունեությունը Հայաստանում: «Պատահական չէ, որ ձեր ուսանողների կարգախոսը և կենսակերպը «կանխատեսվող ապագան է», և այսօր կարելի է վստահությամբ փաստել, որ ճշմարտության բանաձևը` տեղեկատվական տեխնոլոգիաները փոխում են մտածելակերպ, միանշանակ գործում է»,-նշեց Ա. Աշոտյանը:

Նա հավելեց, որ կրթական բարեփոխումների գործընթացում` նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական, նախարարությունը հիմնական շեշտադրումը դնում է հենց մտածելակերպի փոփոխության վրա: «Հակառակ պարագայում, ոչ մի նոր օրենք և փաստաթուղթ չի աշխատի, եթե հասարակությունը չի հավատում այդ բարեփոխումների ճշմարտացիությանը և օբյեկտիվությանը: Ինձ հաճախ են հարցնում` որն է Եվրոպայի և Ասիայի սահմանը, ես միշտ պատասխանում եմ, որ այդ սահմանն աշխարհագրական չէ, այն անցնում է մեր գլխուղեղի կիսագնդերով»,-ընդգծեց Ա. Աշոտյանը: Նա ավելացրեց, որ «Սինոփսիսի» գործունեության շնորհիվ թե տնտեսության մեջ, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր չափանիշներ և ուղենիշներ են սահմանվել: «Հայաստանի կրթական դաշտում մենք ունենք պայծառ, լուսավոր կետեր, այսպես կոչված «գերազանցության օջախներ», և դրանցից մեկն իրավամբ «Սինոփսիս» ընկերությունն է»,-նշեց նախարարը:
Ռիչ Գոլդմանը նշեց, որ ՀՀ-ում «Սինոփսիսի» կրթական գործունեության բացառիկ հաջողությունը համատեղ ջանքերի արդյունք է: Նա ընդգծեց, որ ընկերության դասախոսական կազմում ներգրավված են առաջատար մասնագետներ, ովքեր մշտապես հղկում և նորացնում են դասընթացները` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, և այդ գործունեությունը լիովին համապատասխանում է համաշխարհային չափանիշներին: Պարոն Գոլդմանը տեղեկացրեց, որ ՀՊՃՀ-ի ծրագիրն իրականացվել է նաև ԵՊՀ-ում և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում: Նունիսկ երեք տարի առաջ ընկերության կրթական ծրագիրն «արտահանվել» է նաև ՌԴ առաջատար բուհերից մեկը  և արձանագրել է մեծ հաջողություն: Բացի այդ, ուսումնական դասընթացները հայերենից թարգմանվել են չինարեն և կիրառվում են Չինաստանի 14 համալսարանում: Ակնկալվում է, որ ծրագիրը կներդրվի նաև Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, ինչպես նաև  Միջին Արևելքի մի շարք երկրների ուսումնական հաստատություններում: Այդ համատեքստում պարոն Գոլդմանը նշեց, որ Հնդկաստանում կիրառվել է հեռավար ուսուցմամբ մոդելը, և արդյունավետության գնահատականը կտրվի այս տարվա աշնանը: Նա նաև տեղեկացրեց, որ փորձի փոխանակման նպատակով համապատասխան մասնագետներ կմեկնեն Հնդկաստան, իսկ հնդիկ դասախոսների վերապատրաստումը կիրականացվի Հայաստանում: Ամփոփելով իր խոսքը` Ռիչ Գոլդմանը նշեց, որ, այսպիսով, Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային կրթություն է իրականացնում` շնորհիվ բուհ-արտադրություն-աշխատանք կրթական մոդելի:
Նախարարը նշեց, որ բազմիցս է կրկնել, որ «Սինոփսիսն» ապագա կրթության օրինակելի մոդել է, և «գիտելիքի տրամադրման ճիշտ կազմակերպման պարագայում ՀՀ-ն կարող է այն նաև արտահանել»; Ա. Աշոտյանը ավելացրեց, որ ՀՀ-ում կրթական քաղաքականությունը միտված է նաև ընդլայնել օտարեկրյա ուսանողների քանակը` վերջիններիս առաջարկելով ժամանակակից կրթություն, իհարկե, այն մասնագիտությունների գծով, որտեղ Հայաստանը մրցունակ է:
Հանդիպման ավարտին մասնակիցներն անդրադարձան նաև հեռավար կրթության բնագավառում «Սինոփսիսի» փորձին, որը կարող է հաջողությամբ ներդրվել նաև Հայաստանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։