«Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով»

2009-12-15

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էին «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն այսօր կայացավ Էջմիածնի Հայորդաց տանը:

Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վեհափառ Հայրապետը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մրցույթը նպատակ ուներ աշակերտներին հաղորդակից դարձնել Սուրբ պատարագի խորհրդին և երգեցողությանը: Մրցույթ-փառատոնը կազմակերպվել է երեք փուլով` համայնքային, մարզային և հանրապետական: Դեկտեմբերի 1-3-ը Նորին Սրբության օրհնությամբ Սուրբ Էջմիածնում կայացել է հանրապետական` եզրափակիչ փուլը, որին մասնակցել է հանրապետության մարզերի 10 դպրոց:
ՀՀ կրթության և գիտության նախարարը նշեց, որ կրթությունը ոչ միայն ուսումնական, այլ նաև դաստիարակչական գործընթաց է, և հասարակությանը նախևառաջ անհրաժեշտ են արժեք ունեցող մարդիկ: «Ավանդական արժեքներից ավելի լավը չենք կարող ունենալ. հայ եկեղեցին է, որ ազգային ինքնության պահպանման հարցերում բացառիկ դերակատարություն է ունեցել, հայ եկեղեցին է, որի բացառիկ առաքելությունը հոգևոր կյանքում ճանաչված է ՀՀ Սահմանադրությամբ»,-նշեց Ա. Աշոտյանը: Նա ընդգծեց, որ  եկեղեցին, բանակը և Արցախն են այն երեք հիմնական գործոնները, որոնց վրա կարելի է կառուցել ուսումնադաստիարակչական և հայրենասիրական դաստիարակության գործընթացը: Անդրադառնալով մրցույթին` նախարարը  նշեց, որ այս մրցույթի շնորհիվ իրականում հոգևոր շարժում է եղել դպրոցներում և’ քանակական և’ որակական առումով. «Ես խնդրել եմ Վեհափառին այս միջոցառումը դարձնել ավանդական. մենք պետք է փորձենք դպրոցներում այս հոգևոր շարժումը պահել և հետագայում ընդգրկել նաև բուհերը»,-նշեց Ա. Աշոտյանը:
Հանդիսության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս հանձնեց մրցանակները`
«Լավագույն կերպավորում»-Երևանի թիվ 154 դպրոց
«Լավագույն մենակատար»-Շիրակի մարզի Հառինջ գյուղի միջնակարգ դպրոց
«Լավագույն երաժշտական հագեցվածություն»-Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոց
«Հանձնախմբի համակրանք»-Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց
«Ներդաշնակ ասմունք»-Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոց
«Լավագույն բեմադրություն»-Արարատի մարզի Մասիսի միջնակարգ դպրոց
«Լավագույն կատարում»-Էջմիածնի Ներսիսյան վարժարան
«Լավագույն սցենար»-Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոց
«Հայրապետական մրցանակ»-Աշտարակի թիվ 1 միջնակարգ դպրոց
«Հայրապետական մրցանակ»-Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։