Առաքելությունը` նորարարական մտածելակերպ
2009-12-15
Ա. Աշոտյանը նշեց, որ կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվել, և նախարարությունը ողջունում է նորարարությունների մուտքը կրթական համակարգ: Նա ընդգծեց, որ «Մայքրոսոֆթն» այն բացառիկ ընկերություններից է, որն իր ուրույն նախագծերով նախաձեռնող է կրթության ոլորտում: «21-րդ դարում տեղեկատվությունը մարդու հաջողության գրավականն է: Ներկայումս տեղեկությունն աշխարհում շատ արագ է կուտակվում, և հաճախ հնարավորություն չի լինում այն փոխանցել. այստեղ պետք է ինքնուրույն որսալ պահը: Մեր առաքելությունը նախևառաջ մտածելակերպի փոփոխությունն է. այս համատեքստում կարևոր է նաև ուսուցիչների նորարարական մտածելակերպի խնդիրը: Մենք հուսով ենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունն աջակից կլինի մեզ` ուսուցիչների հմտությունների բարձրացման ուղղությամբ»,-նշեց նախարարը: Նա հավելեց, որ ընկերության հետ համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև բարձրագույն կրթության ոլորտում համապատասխան ծրագրերի և նորարարական դասավանդման մեթոդաբանության ներդրումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական ծրագրերի հայկականացման և մատչելիության խնդիրը: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գ. Բարսեղյանը նշեց, որ ընկերությունը հանրապետության 15 դպրոցում իր փորձնական ծրագիրն է իրականացնում: Այս տարի անցկացվել է նաև մրցույթ` լավագույն ծրագրավորողների միջև, որին մասնակցել են հանրապետության բուհերի 33 լավագույն ուսանողներ, որոնց թվում եղել է նաև երկու աշակերտ: Նա նաև անդրադարձավ իննովացիոն կենտրոնի ստեղծման և ուսուցիչների համար նախատեսված պորտալի աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ պորտալի շրջանակում անցկացված նորարարական մեթոդով դասավանդման մրցույթին մասնակցել է հանրապետության տարբեր մարզերի շուրջ 130 ուսուցիչ. ներկայացված 19 նախագծից 9-ի հեղինակները մարզերի ներկայացուցիչներ են: Գրասենյակի տնօրենը նաև տեղեկացրեց, որ լավագույն դպրոցի լավագույն դասը կհեռարձակվի պորտալում: