Պատճառները բացակայում են
2009-12-14
«Ազգային նոր պահպանողական շարժում» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր հերթական բողոքի երթը, որին մասնակցում էր շուրջ տասնհինգ ուսանող: Նրանց հրապարակային բողոքն ընթանում էր «Մի զրկեք մեզ կրթաթոշակներից» կարգախոսի ներքո: Երթը, սկիզբ առնելով ԵՊՀ-ից, շարժվել էր դեպի ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղ մասնակիցներին ընդունեցին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Հանդիպման արդյունքում պարզվեց, որ ուսանողները տեղյակ չէին ՀՀ կրթության և գիտության նախարարության` դեռևս նոյեմբերի 20-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածած, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքում տեղադրված պարզաբանմանը, որում մանրամասն ներկայացված էր այդ խնդրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Երթի մասնակիցները ստացան ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում սպառիչ պատասխաներ տրվեցին նաև մասնակիցներին հուզող այլ հարցերին: