Հետագա գործունեության հիմնական ուղենիշները
2009-12-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիի հետ; Հանդիպման ընթացքում քննարկվեց կրթության ոլորտում հիմնադրամի իրականացրած և առաջիկա երկու տարվա համար նախանշված ծրագրերի ընթացքը: Նախարարը, բարձր գնահատելով հիմնադրամի ակտիվ գործունեությունը կրթության ոլորտում, նշեց, որ ճգնաժամի պայմաններում սոցիալական խնդիրն ավելի է խորանում. երեխաները կարող են խոցելի խումբ հանդիսանալ:
«Այս համատեքստում կարևոր է ընդգծել մեր հետագա գործունեության հիմնական ուղենիշները, և այս դաշտում հսկայական աշխատանք կա իրականացնելու: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից բխող շուրջ վաթսուն իրավական ակտերի մշակումը լրացուցիչ ռեսուրսների ներգրավում է պահանջում, և այս հարցում մենք ակնկալում ենք նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը»,-ընդգծեց նախարարը:
Լեյլի Մոշիրի-Ջիլանին անդրադարձավ ուսումնական հաստատությունների ներքին և արտաքին գնահատման, ֆինանսական մեխանիզմների հստակեցման, դպրոցի զարգացման ծրագրերի մշակման հարցերում հիմնադրամի հնարավոր աջակցության խնդիրներին: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ հաջորդ տարին սակավ բյուջետային հնարավորութունների տարի է, և անհրաժեշտություն է առաջացել քիչ ծախսատար մոդելի ներդրման և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դպրոցի վարչարարությանը, կառավարման որակի բարձրացմանը, տնօրենների հավաստագրման գործընթացին վերաբերող մի շարք խնդիրներ:
Լեյլի Մոշիրի-Ջիլանին իր հերթին նշեց, որ հիմնադրամը կատարել է «երեխայակենտրոն դպրոցին» և ներառական կրթությանը վերաբերող ընդհանուր վերլուծություն, և հիմնական խնդիրն այս հարցում հատուկ դպրոցների ներգրավումն է այս գործընթացում: Անդրադառնալով հատուկ կրթության խնդիրներին` նախարարը նշեց, որ արդեն ստեղծվել է քաղաքացիական վերահսկողության խորհուրդ, բացի այդ, կրթության պետական տեսչությունն ավարտել է ստուգումները հանրապետության հատուկ դպրոցներում. յուրաքանչյուր դպրոցի համար առկա է վերլուծություն, և այժմ ընթանում է տվյալների ուսումնասիրություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին, որին հիմնադրամն աջակցել է ինչպես չափորոշիչների մշակման, այնպես էլ մանկավարժների վերապատրաստման ուղղությամբ: Համաշխարհային բանկի ֆինանսավորած «Որակ և համապատասխանություն» ծրագրի երկրորդ փուլի ընթացքում ևս հիմնադրամը նախատեսում է ակտիվ մասնակցություն ունենալ` նախորդ ծրագրերի շարունակականության ապահովման նպատակով: