Ուսումնական գործընթացը չի տուժի
2009-12-09
Ներկայացնելով հանրակրթական ոլորտի բարեփոխումները` նախարարի տեղակալը նշեց, որ քաղաքականության տեսակետից բարձրացված է որակի հարցը բոլոր առումներով` ուսման, կադրերի, դասագրքերի: Անկախ ֆինանսական դժվարություններից` այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն:
Հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը նշեց, որ «Հանրակրթության մասին» օրենքի ընդունմամբ իրավական բարեփոխումների կարիք է առաջացել, և մեկ տարվա ընթացքում` մինչև 2010 թվականի օգոստոսը, մեծ թվով ենթաօրենսդրական ակտեր կընդունվեն, որոնք կապահովեն օրենքի ամբողջությամբ կիրառումը: Ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը մշակում է այդ կարգերը: Պատրաստ են «Պետական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ կոլեգիալ մարմնի խորհրդի ձևավորման, «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ տնօրենի ընտրության, ՀՀ ԿԳՆ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում հասարակական վերահսկողության իրականացման կարգերի, հանրակրթական դպրոցների օրինակելի կանոնադրության նախագծերը: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող աշխատանքների հետ կապված` նա նշեց, որ դեռևս նախորդ տարի Շիրակի և Լոռու մարզերում իրականացվել է փորձնական երկու ծրագիր, որոնք հնարավորություն են տալիս քիչ ֆինանսական ծախսերի միջոցով կազմակերպել նախադպրոցական հիմնարկների ուսումնական գործընթացը: 2011 թվականի ավարտին համայնքներում կունենանք 140 նման հաստատություն:
Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը և հանրակրթության վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանը պատասխանեցին նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ավագ դպրոցներին, ավարտական քննություններին, դպրոցների ջեռուցմանը և այլն: