Բոլոնիայի գործընթացը և եվրոպական բարձրագույն կրթական համակարգը` ուղենիշեր

2010-04-06

Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի մոտ գտնվող Շվանբերգ կրթական կենտրոնում մարտի 20-21-ը ձևավորվել է Հայաստանում գերմանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրվել ՀԳՀ միջմշակութային հաղորդակցման հետազոտական ինստիտուտը: Հայաստանում գերմանական համալսարանի հետ համագործակցության մասին պայմանագիր ստորագրելու նպատակով Հայաստանում է գտնվում Գերմանիայից ժամանած պատվիրակությունը, որոնց այսօր ընդունեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը:

Պատվիրակության կազմում էին Քեհլի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Պաուլ Վիտտը, Եվրոպական հանրային կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր, դոկտոր Գերտ Ֆիգութը, Մյունխենի բարձրագույն դպրոցի տուրիզմի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, դոկտոր Թեոդոր Էբերհարդը, Քյոլնի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, դոկտոր Պետեր Շիրցը, ՀԳՀ ռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Պաուլ Իմհոֆը, ՀԳՀ սենատի նախագահ, պրոֆեսոր, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը, ՀԳՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Շտեֆան Մեդլաչեկը և ՀԳՀ նախագահ Էդուարդ Սարոյանը:
Ողջունելով հյուրերին` Ա. Ավետիսյանը նշեց, որ նորանկախ Հայաստանը ձևավորել է իր բարձրագույն մասնագիտական կրթության համակարգը, որը պետք է լինի պետության կառուցման և ձևավորման, տնտեսության զարգացման հիմքում; «Հայաստանը, անդամագրվելով Եվրախորհրդին և հանդիսանալով Եվրամիության Արևելյան հարևանության ծրագրում գտնվող երկրներից մեկը, կրթությունը եվրոպական ընդհանուր տարածքին ինտեգրման և այդ չափանիշներով ուղղորդման խնդիր ունի»,-նշեց նախարարի տեղակալը` հավելելով, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է 2005 թվականից և պետք է անել հնարավորը` Բոլոնիայի գործընթացով նախատեսված եվրոպական պահանջներին համապատասխան կրթության ապահովման համար: Ա. Ավետիսյանը նշեց, որ եվրոպական ինտեգրման խնդիրները փոխկապակցված են միջհամալսարանական համագործակցության, համատեղ համալսարանների ձևավորման, ՀՀ տարածքում գործող այլ երկրների կամ կազմակերպությունների հիմնադրած ուսումնական հաստատությունների համատեքստում` անդրադառնալով Հայաստանում նման հաստատությունների փորձին: «Նմանատիպ համալսարանները մեր երկրում դարձել են ոչ միայն կրթական, այլ նաև տվյալ լեզվի  և մշակույթի քարոզման և տարածման կենտրոններ: Հայաստանը կարևորում է գերմաներեն լեզվի և մշակույթի  հիմքով ձևավորված համագործակցությունը: Մեր գործունեության ուղենիշերն են Բոլոնիայի գործընթացը և եվրոպական բարձրագույն կրթական համակարգը: Մենք կողջունենք եվրոպական, մասնավորապես, գերմանական կրթական համակարգի մուտքը Հայաստանի կրթական տարածք, որի գործունեությունը միտված կլինի մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, սոցիալական և տնտեսական ճյուղերի զարգացմանը»,-նշեց Ա. Ավետիսյանը:
Գերմանական կողմը ներկայացրեց առաջարկությունների այն փաթեթը, որը կարող է իրականացվել Հայաստանի կրթական տարածքում: Քննարկվեցին նաև համագործակցության հիմնական այն եզրերը, որոնք կարող են ընդունելի լինել երկու կողմերի համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։