Ցուցահանդես` ուսանողների ու վարպետների մասնակցությամբ
2009-12-08
«Կրթության և գիտության հայ նվիրյալները» խորագրով կերպարվեստի ստեղծագործությունների մրցույթ-ցուցահանդեսն այսօր բացվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մրցույթը հայտարարել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
Մրցութային հանձնաժողովի համանախագահ, կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, դիտելով ներկայացված ստեղծագործությունները, նշեց. «Ցուցահանդես-մրցույթի նպատակն էր մասնագետների և ուսանողների ուշադրությունը սևեռել կրթության և գիտության բնագավառի նվիրյալների կենսագրության և գործունեության վրա, որովհետև այս դարում գիտելիքն արժեք է և այն դարեր շարունակ ծնվել ու փոխանցվել է հայ ազգի նվիրյալների շնորհիվ: Մեզ հաջողվել է ապահովել մասնակիցների առավել լայն շրջանակ. ներկայացված են թե’ ուսանողների, թե’ հայտնի վարպետների աշխատանքները, ինչպես նաև առկա է ոճային բազմազանություն. կոմիքսներից մինչև կերպարվեստի գործեր, համակարգչային դիզայն և այլն»:
Մրցույթին ներկայացված էին 45 ստեղծագործություն /30 նկար և 15 քանդակ/: Մրցույթի հաղթողների համար սահմանվել էին մեկ առաջին մրցանակ/ 300 000 դրամ/, երկու երկրորդ մրցանակ /150 000-ական դրամ/ և երեք երրորդ մրցանակ /100 000-ական դրամ/:
Մրցութի արդյունքում հաղթողներ են ճանաչվել.
Առաջին մրցանակ- Հրանտ Թադևոսյանի «Սամվել Խաչատրյանց» կտավը / ԵՃՇՊՀ դասախոս/, Ալբերտ Սոխիկյանի «Մարտիրոս Սարյան» կտավը / ԵՃՇՊՀ դասախոս/,
Երկրորդ մրցանակ- Բագրատ Բալաբեկյանի «Մովսես Խորենացի» քանդակը /Գեղարվեստի ակադեմիայի ուսանող/, Ռոբերտ Մինասյանի «Դերենիկ Դեմիրճյան» քանդակը /ԵՃՇՊՀ դասախոս/,
Երրորդ մրցանակ-Գոռ Միրիջանյանի «Ղազար Փարպեցի» քանդակը /Գեղարվեստի ակադեմիայի ուսանող/, Ամալյա Վարդանյանի «Չարենցի կոմիքսները» կոմպոզիցիան /ԵՃՇՊՀ դասախոս/, Անահիտ Պետրոսյանի-«Ալեքսանդր Թամանյան» կոլաժը /ԵՃՇՊՀ դասախոս/:
Լևոն Թոքմաջյանի «Վիկտոր Համբարձումյան» քանդակն արժանացել է հատուկ մրցանակի: