Հեռանկարներ` հայ-իտալական համագործակցության

2009-12-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման նպատակն էր հայ-իտալական համագործակցության ընդլայնման շրջանակում նախանշել հաջորդ տարվա ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հայ-իտալական հարմագործակցությունը կրթամշակութային բնագավառում, նշեց. «ՀՀ կառավարությանը հաջողվել է տնտեսական ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի ֆինանսավորումը, և մենք հուսով ենք, որ մեր գործընկերների աջակցությամբ կկարողանանք նաև իրականացնել այլ ծրագրեր: Հուսով եմ, որ հաջորդ տարի մեր երկրների միջև համագործակցությունն ավելի ընդգծված կրթական եզրեր կունենա»:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշեց. «Հայ-իտալական համագործակցությունը յուրահատուկ է: Մենք ունենք պատմական և մշակութային նմանություններ, որոնք միավորում են մեզ և հնարավորություն տալիս համագործակցությունն ընդլայնել ոչ միայն կրթության և մշակույթի, այլև տնտեսության ոլորտներում: Մեր հարաբերությունները էթիկական և պատմական պարտքի շրջանակում են»,-ընդգծեց դեսպանը: 
Նախարարը և դեսպանը քննարկեցին Երևանի և Գյումրու մեկական հանրակրթական դպրոցում որպես երրորդ օտար լեզու իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր իրականցնելու հետ կապված խնդիրները: Նախարար Աշոտյանը ներկայացրեց նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում տեխնիկական աջակցության, մշակութային բուհերի դասախոսների և ուսանողների փոխանակման, վարպետաց դասերի կազմակերպման, Իտալիայում գտնվող հայկական կրթամշակութային ժառանգության քարոզման ու հանրային իրազեկման համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջարկությունների հիման վրա մշակել ծրագրեր` հետագայում քննարկելու նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։