Երեխաներն ունեն բացառիկ հնարավորություն

2009-12-04

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության միջև հունիսի 25-ին  ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի երրորդ փուլի մեկնարկից առաջ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանի հետ:
Ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» աջակցությամբ, ուղղված է հանրակրթական դպրոցների աշակերտների հակակոռուպցիոն կրթությանը և դաստիարակությանը: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նշեց. «Կոռուպցիան տարբեր մակարդակներում լուրջ հիմնախնդիր է ողջ աշխարհում, և դրա դեմ պայքարը պետք է լինի համալիր միջոցներով: Այս հարցում անգնահատելի դեր ու նշանակություն  ունի կրթության ոլորտը: Մենք չենք կարող թողնել, որ մեր երեխաները մեծանան, հետո միայն սկսենք զբաղվել նրանց հակակոռուպցիոն դաստիարակությամբ: Ավելին, մեծահասակների հակակոռուպցիոն դաստիարակության հարցերը դժվար լուծելի են, ինչ- որ տեղ` անհնար, իսկ այդ հարցերով ճիշտ դաստիարակվելու երեխաների հնարավորությունը բացառիկ է, և անշուշտ, պիտի օգտագործվի: Ուստի, կրթության և գիտության նախարարությունը ողջունում և բարձր է գնահատում դպրոցներում հակակոռուպցիոն դաստիարակությանն ուղղված ցանկացած միջոցառում և նախաձեռնություն»,-  նշեց նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ծրագրի առաջին և երկրորդ փուլի արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին երրորդ փուլի` ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման եռօրյա դասընթացների  կազմակերպման հետ կապված հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։