Մտածող մարդն` ապագայի գրավական

2009-12-02

Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի երկրորդ` համայնքային փուլն այսօր եզրափակվեց Երևանի Կենտրոն համայնքի շուրջ 32 դպրոցի հաղթող թիմերի մրցաշարով, որը տեղի ունեցավ Շախմատի ակադեմիայում: Օլիմպիադան արդեն չորրորդ տարին անընդմեջ համատեղ անցկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային և եզրափակիչ; Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի դպրոցականները:

Համայնքային փուլի եզրափակչին ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշեց, որ շախմատը ինտելեկտ է, իսկ ինտելեկտը մեր դպրոցներում մարդկային կապիտալի զարգացման համար կարևորագույն նախապայման է: «Շախմատը փիլիսոփայություն է և ստիպում է մարդկանց մտածել ապագայի հնարավոր պարտությունների և հաջողությունների մասին: Նման մարդիկ լինում են շատ ավելի լուրջ, ավելի գիտակ  և ավելի հաջողակ ողջ կյանքի ընթացքում: Ուստի, հաշվի առեք, որ ձեր հաջողությունը շախմատում ձեր հաջողությունների սկիզբն է կյանքում: Մաղթում եմ, որ ձեր շախմատային հաջողություններն այս փուլում չսահմանափակվեն. հուսով եմ, որ ձեզանից ոմանց տարիներ հետո կտեսնենք շախմատի Հայաստանի մեծահասակների  հավաքականի անդամ և հուսով եմ, որ ձեր անունները կթնդան Հայաստանով մեկ` որպես մեր երկրին հերթական հաղթանակ բերող հերոսների անուններ»,-աշակերտներին իր բարեմաղթանքի խոսքն ուղղեց նախարարը: Նա հավելեց, որ շախմատը պետք է դառնա մեր մտածելակերպի հիմնաքարերից մեկը, որովհետև շախմատն է, որ մարդուն տալիս է երկարաժամկետ ծրագրեր կազմելու և հեռուն տեսնելու հնարավորություն: «Շախմատը ստիպում է մարդուն մտածել, իսկ մտածող մարդը մեր երկրի ապագայի հիմնական գրավականն է: Ուստի,  շախմատը ոչ միայն միջոցառում է մեզ համար, այլ նաև աշխարհայացք»:
Նախարարը նշեց, որ ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Ս. Սարգսյանը հանդես է եկել շախմատը դպրոցական առարկա դարձնելու նախաձեռնությամբ, և այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Շախմատի ֆեդերացիայի և Շախմատի ակադեմիայի աջակցությամբ, աշխատում է այդ ուղղությամբ: Գործընթացն արդեն թևակոխել է փորձարարական փուլ.  մշակվում են համապատասխան ուսումնական ծրագրեր և նյութեր:
Օլիմպիադայի համայնքային փուլին մասնակցել է Երևան քաղաքի 195 դպրոցի շուրջ 800 երեխա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։