Դասագրքերի մրցույթը` նոր մեխանիզմներով

2009-11-25

«Հայելի» ակումբում այսօր կազմակերպվել էր քննարկում` «Դպրոցական դասագրքերի մրցութային կարգի փոփոխությունները» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը, ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի /ԾԻԳ/ տնօրեն Կ. Հարությունյանը, ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի /ԾԻԳ/ «Ուսումնական ծրագրեր, չափորոշիչներ և գնահատում» ենթածրագրի ղեկավար Կ. Մելքոնյանը և Գ. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն Ռ. Մուրադյանը:

Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կ. Հարությունյանը ներկայացրեց դասագրքերի մրցութային կարգը և նախատեսվող փոփոխությունները: Նա տեղեկացրեց, որ 1998 թվականից դասագրքերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով, որին մասնակցում են ոչ պետական  հրատարակչությունները, որոնք ընտրում են դասագրքաստեղծ հեղինակային խմբեր  և իրականացնում են ողջ հրատարակչական, տպագրական աշխատանքները:  Մրցույթի անցկացման համար նախարարի հրամանով ստեղծվում է երկու հանձնաժողով, որոնցից առաջինը` մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրում է տվյալ առարկայի դասագրքերի բովանդակային կողմը, և ընդհանուր հանձնաժողով, որը պատասխանատու է մնացած կազմակերպչական հարցերի համար: Մրցույթն իրականացվում է 3 փուլով: Առաջին փուլում ուսումնասիրվում են հրատարակչությունների փորձը, ֆինանսական կարողությունները, դասագրքերի արտադրական որակը և այլ հարցեր: Երկրորդ փուլում համապատասխան չափանիշները բավարարող հրատարակչությունների ներկայացրած ձեռագրերը հանձնվում են մասնագիտական հանձնախմբին, որն ուսումնասիրում է և կատարում դասագրքերի բովանդակության և արտաքին տեսքի  գնահատում: Նախարարության կողմից սահմանված շեմային միավոր հավաքած դասագրքերի միջև երրորդ փուլում տեղի է ունենում գնային մրցակցություն: Բովանդակային և գնային ամենաբարձր միավոր ստացած դասագիրքն ընտրվում և հաստատվում է նախարարության կողմից:
Կ. Հարությունյանն անդրադարձավ նաև այս տարվա նորամուծություններին. առարկայական գծով մեկ հանձնաժողովի փոխարեն այս տարի յուրաքանչյուր դասագրքի համար կգործի միմյանցից անկախ երկու հանձնաժողով, որոնցից մեկում ընդգրկված կլինեն միայն ուսուցիչներ, իսկ մյուսում` ակադեմիական թևը ներկայացնող դասախոսներ, մեթոդիստներ, գիտական աշխատողներ:  Միջինացված գնահատականի հիման վրա միայն կընտրվի դասագիրքը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ժամկետներին: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ մրցույթի անցկացման համար սահմանված էր ոչ բավարար ժամկետ, այս տարվա մրցույթը հայտարարվել է դեռևս սեպտեմբերին: Հաջորդ տարվա փետրվար ամսին դասագրքերը 60 տոկոս պատրաստ վիճակում կներկայացվեն ՀՀ կրթութան և գիտության նախարարություն: Շուրջ 50 դպրոցում 2-3 ամիս փորձարկում անցնելուց հետո, ելնելով մասնագիտական հանձնաժողովների  և դպրոցների արձագանքներից, դասագրքերը կվերանայվեն մինչև 100 տոկոս: Տիկին Հարությունյանը հավաստիացրեց, որ մինչև հաջորդ տարվա օգոստոսի 25-ը դասագրքերը կառաքվեն դպրոցներ:
Մյուս բանախոսները ևս ներկայացրին իրենց կարծիքները` գործող դասագրքերի վերաբերյալ: Բոլորը համակարծիք էին, որ դասագրքերն ունեն որոշակի խնդիրներ, և նոր մեխանիզմների մշակման և ներդրման անհրաժեշտություն կա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։