Փոխանակման նոր ծրագրի առաջարկ

2009-11-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի կրթամշակութային գծով պատասխանատու Սյուզան Բրայդենշտայնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի հետ կապված հարցեր: Ա. Աշոտյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է խորացնել երկու երկրների համագործակցությունը հումանիտար ոլորտում:

«Մեծ է ԱՄՆ-ի կառավարության ներդրումը կրթական ծրագրերում, որոնցում իրենց ուրույն տեղն են գրավում փոխանակման ծրագրերը: Պատահական չէ, որ այս տարին 20-ամյա համագործակցության խորագրի ներքո է անցնում»,-նշեց նախարարը:Տիկին Բրայդենշտայնը նախարարին ներկայացրեց «Ֆուլբրայթ» փոխանակման ծրագիրը, որն ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ իրականացվող միջազգային փոխանակումների առաջատար ծրագրերից մեկն է  և գործում է ԱՄՆ-ի և աշխարհի շատ երկրների միջև: Նա նշեց, որ այս ծրագրով հայ դասախոսներն անգամ խորհրդային տարիներին են մեկնել ԱՄՆ և այնտեղից էլ համապատասխան մասնագետներ են ժամանել Հայաստան` գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ կառավարությունը  գիտահետազոտական աշխատանք իրականացնելու նպատակով այս տարի տրամադրել է չորս տեղ, որին կարող են մասնակցել դասախոսական աշխատանքով զբաղվող գիտությունների թեկնածուներ: Ծրագիրը ներառում է տարբեր բնագավառներ` բժշկություն, մշակույթ, կրթություն և գիտություն: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը` տիկին Բրայդենշտայնն առաջարկեց ծրագիրն ընդարձակել` ներառելով նաև մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր: «Քանի որ առաջարկվող ծրագրի արժեքը բարձր է, պետքարտուղարությունն ակնկալում է նաև նախարարության աջակցությունը: Մրցութային հանձնաժողովում կընդգրկվի նաև նախարարության ներկայացուցիչը` Հայաստանի կրթության  և գիտության ոլորտում կոնկրետ զարգացման ծրագրերի անհրաժեշտությունից ելնելով»,-նշեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը:
Ի պատասխան ամերիկյան կողմի առաջարկին` Ա. Աշոտյանը նշեց, որ նախարարությունը շահագրգռված է ուսանողների կրթության իրավունքի շարունակականության մեջ, այդ թվում նաև ԱՄՆ-ում: «Ձեր գաղափարը գրավիչ է` որակյալ  կրթության և գիտելիքների ընդլայնման տեսանկյունից, և նախարարությունը ողջունում է նման ծրագրերի իրականացումը: Սակայն, ցավոք, ճգնաժամի պատճառով որոշակի վերապահումներ կան կրթության ոլորտում նոր ծրագրերի ֆինանսավորման տեսակետից, և պետբյուջեի նախագծում հավելյալ ծրագրերի մասով գումարներ նախատեսված չեն»,-փաստեց նախարարը և հավելեց, որ եթե հնարավորություն լինի պահպանել ծրագիրը, թերևս հաջորդ տարիներին, միջոցների առկայության դեպքում, այն կյանքի կկոչվի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։