Հուսալի գործընկեր` կրթական համակարգում
2009-11-23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աջալ-Կումար Մալիորային: Նախարարը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` առաքելության ստանձման կապակցությամբ, նշեց, որ անգնահատելի է հնդիկ ժողովրդի դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ և հույս հայտնեց, որ դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական համագործակցությունը կրթամշակութային ոլորտում զարգացման նոր հեռանկարներ կունենա:
«Հնդկաստանը մեր կրթական համակարգի հուսալի գործընկերներից է, և այսօր Հայաստանում սովորում է ավելի քան 600 հնդիկ ուսանող, ովքեր նաև Ձեր երկրի «դեսպաններն» են մեր երկրում, և որոնց միջոցով հայ հասարակությունն ավելի լավ է սկսել ճանաչել հնդիկ ժողովրդին»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է, դեսպանատան հետ համատեղ, լուծել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել հնդիկ ուսանողների ուսումնառությանը Հայաստանում: «Մեր բուհերը պատրաստ են առաջարկել ավելի լայն կրթական ծառայություններ, իհարկե, պահպանելով կրթության որակի նկատմամբ համապատասխան պահանջները: Նախարարությունը` որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պարտավոր է նախևառաջ վերահսկել կրթության որակը. մենք շահագրգռված ենք, որ հայկական դիպլոմները բարձր վարկանիշ ունենան արտերկրում: Ակնհայտ է նաև Հնդկաստանի բեկումը իննովացիոն և գիտության ոլորտում, և մեզ համար խիստ կարևոր է հնդկական փորձը»,-նշեց Ա.Աշոտյանը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրեց, որ բժշկական բարձրագույն կրթություն ստացած բոլոր շրջանավարտները Հնդկաստանում աշխատանքի անցնելուց առաջ անցնում են համապատասխան թեստավորում-քննություն: «Մենք ևս շահագրգռված ենք կրթության որակի բարձրացմամբ, որովհետև ոչ որակյալ կրթություն ստացած շրջանավարտը նախևառաջ վատ օրինակ է հենց երկրի ներսում»,-ընդգծեց դեսպանը: Նա նաև նշեց, որ ցանկալի կլիներ ունենալ նախարարության կողմից երաշխավորված բուհերի ցանկ և տեղեկացրեց, որ դեսպանատունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է բացատրական աշխատանքներ իրականացնել ուսանողների հետ այս ուղղությամբ:
Ի պատասխան հյուրի հարցադրումներին` նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի նախատեսվում է վերահավատարմագրման գործընթաց` նոր չափորոշիչներով, որը լավ առիթ կհանդիսանա կրթության որակի գնահատման տեսանկյունից: Նախարարը դեսպանին խնդրեց տրամադրել վիճակագրական տվյալներ` թե ՀՀ-ում ուսումնառություն ստացած հնդիկ շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանքի անցնում հայրենիքում և հատկապես որ մասնագիտությունների գծով: «Այդ տվյալները մեզ կօգնեն` գնահատելու մեր հնարավորությունները և արձանագրելու բաղթողումները»,-նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հնդկաստանում հայկական կրթական ժառանգության պահպանման խնդիրները: Դեսպանը տեղեկացրեց, որ Հնդկաստանում գործում է «Ճարտարապետական խորհուրդ», որը զբաղվում է պատմամշակութային արժեքների պահպանման և վերականգնման խնդիրներով և առաջարկեց այդ խորհրդի աջակցությունը` հայկական կրթամշակութային ժառանգության պահպանման գործում:












