Բոլոնիայի անդամակցության փորձը` Բելառուսին

2009-11-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության  և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակը և նախանշվեցին հետագա անելիքները: Կողմերը համակարծիք էին, որ չնայած երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական և տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակին, հումանիտար ոլորտում համագործակցության առկա վիճակը բավարար չէ. գործունեության բաց դաշտ կա, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, իննովացիոն ծրագրերի և գիտական գործունեության բնագավառներում:

Ա. Աշոտյանը նշեց, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները պայմանավորված են նաև ԱՊՀ անդամ երկրների միջև ձևավորված համագործակցությամբ: Նախարարն առաջարկեց կազմակերպել հայ-բելառուսական գիտակրթական  ֆորում, որը փոխշահավետ կլինի երկու կողմերի  համար էլ`  կուտակված փորձի փոխանակման ու նոր ծրագրերի իրականացման տեսանկյունից: «Բոլոնիայի գործընթացին անդամակցության և դրանից բխող բարեփոխումների առումով` Հայաստանն ունի հնգամյա կուտակած փորձ, որն օգտակար կարող է լինել Բելառուսի համար»-, նշեց նախարարը: 
Դեսպան Սուխարենկոն, ներկայացնելով Բելառուսի բարձրագույն մասնագիտական կրթական համակարգը, նշեց, որ իր երկիրը շահագրգիռ է օտարերկրյա ուսանողների ներգրավմամբ. նրանց թիվն այս տարի կարող է հասնել 5 տոկոսի: Նրան հետաքրքրում էր նաև այս տարի առաջին անգամ «Լույս» հիմնադրամի շնորհիվ աշխարհի առաջատար բուհեր ընդունված հայ ուսանողների հետ կապված հարցեր: Նախարարը, ներկայացնելով այդ հիմնադրամի գործունեությունը,  նշեց, որ այս տարի արդեն 11 ուսանող օգտվել են այդ հնարավորությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև միջպետական համաձայնագրով կրթաթոշակների սահմանման և ուսանողների փոխանակման հարցեր: Կողմերը համաձայնության եկան խրախուսել նաև ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական կրթության բնագավառում, որը հնարավորություն կտա կազմակերպել փոխանակման ծրագրեր` պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների  համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։