«Գաղափարների տոնավաճառ»
2009-11-21
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում շարունակվեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորագրով երկօրյա խորհրդաժողովը` հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավմամբ: Խարհրդաժողովի նպատակն է ընդլայնել քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը կրթության զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում: Բացելով խորհրդաժողովը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության` կրթության ոլորտում ունեցած դերին, և առանձնացրեց համագործակցության չորս հիմնական ուղղություններ:
«Առաջինը, որ մեզ պետք է միավորի, դա կրթական գործընթացներում ներգրավված բոլոր սուբյեկտների իրավունքների պաշտպանությունն է, որը կրթական բնագավառում իրավական պետություն կառուցելու հնարավորություններից և քայլերից մեկն է: Գաղտնիք չէ, որ իրավունքի պաշտպանության խնդիրը դրված է մեր կրթական համակարգի բոլոր աստիճաններում` նախադպրոցական հաստատությունից մինչև ակադեմիական ինստիտուտներ»,-նշեց նախարարը:
Երկրորդ ուղղությունը, որին անդրադարձավ Ա. Աշոտյանն իր ելույթում, վերաբերում էր հասարակական կազմակերպությունների` կրթության բնագավառում իրականացվող ներդրումներին: «Նախարարությունը պատրաստ է աջակից լինել հասարակական կազմակերպությունների ծրագրերին, եթե այդ ծրագրերի շնորհիվ մենք կկարողանանք լոկ մեկ հատվածում լուծել որոշակի խնդիրներ»,-հավաստիացրեց նախարարը:
Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության երրորդ ուղղությունը կրթության բնագավառում դաստիարակչական տարրի ամրապնդումն է: «Կրթությունը միայն ուսում չէ, այն նաև քաղաքացի կերտելու և դաստիարակելու գործընթաց է: Նախարարությունը կարևորում է նաև ձեր աշխատանքի շնորհիվ կրթական գործընթացում դաստիարակչական տարրի ուժեղացումը»,-շեշտեց Ա. Աշոտյանը: Եվ վերջին ուղղությունը, որին անդրադարձավ նախարարը, դա հասարակական կազմակերպությունների վերահսկիչ ֆունկցիան է: «Հատուկ դպրոցների հետ կապված վերջին խնդիրները հանգեցրին այն եզրակացությանը, որ միայն նախարարության ռեսուրսներով հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել կրթական բոլոր օղակներում: Քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթները կարևոր ուղղություն են, և այդ աշխատանքների մի մասը մենք պատրաստ ենք դնել ձեր ուսերին»,-դիմելով ներկաներին` ասաց նախարարը:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց և կրթության ոլորտում քաղաքացիական հասարակության դերի մասին խոսեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը:
Խորհրդաժողովի երկրորդ օրը ևս տեղի ունեցան խմբային քննարկումներ` կոնկրետ ծրագրերի շուրջ:












