Մեկնարկեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողովը
2009-11-20
Այսօր մեկնարկեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորագրով երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Խորհրդաժողովի նպատակն է ընդլայնել համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումներում` ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների ներուժը: Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպաններ և դեսպանությունների, միջազգային և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ն. Զոհրաբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռ. Լյուցենբերգերը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լ. Մ. Ջիլանին:
Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ խորհրդաժողովի նպատակն է համագործակցության լայն դաշտ ստեղծել միջազգային կազմակերպությունների և ներքին գործընկերների հետ` համակարգելով և համադասելով տարբեր կազմակերպությունների կողմից կրթության բնագավառում նախաձեռնվող և իրականացվող ծրագրերը` դրանց արդյունավետության գնահատման և բարձրացման, ինչպես նաև փորձի փոխանակման ակնկալիքով:
«Հաջորդ տարի պետական բյուջեով նախատեսված կրթական հատկացումները հավելյալ աջակցության կարիք ունեն, և մենք նախատեսում ենք համատեղ ծրագրեր իրականացնել միջազգային կազմակերպությունների հետ: Կրթության և գիտության ոլորտում միջազգային և դոնոր, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները բազմաթիվ ներդրումներ են կատարել և խոստովանենք, որ երբեմն նախարարությունը ներգրավված չի եղել այս ծրագրերի իրականացման մեջ: Հետևաբար, ծրագրերի մի մասի կրկնությունը թույլ չի տվել եղած ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործել»,-նշեց նախարարը: Նա հավելեց, որ խորհրդաժողովը` որպես նոր «գաղափարների և ծրագրերի տոնավաճառ», նպատակ ունի ակտիվացնել կրթության ոլորտի գործընկերների գործունեությունը, ստեղծել համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ և շահագրգիռ կազմակերպություններին մասնակից դարձնել կրթության զարգացման ռազմավարության մշակմանը: Նախարարը նշեց, որ ԿԳՆ համապատասխան ստորաբաժանումները մտահղացել են մի քանի ծրագրեր, որոնք պետական բյուջեով չեն ֆինանսավորվում, բայց կարող են հետաքրքիր լինել միջազգային ներդրումներ ապահովելու տեսակետից:
«Կրթական բարեփոխումներում ամենահենքային կետը կրթության վերագնահատումն է` որպես հասարակական արժեք: Մեր գերնպատակն է կրթության համակարգի բոլոր մակարդակներում ապահովել մտածելակերպի փոփոխություն, այն է` կրթության վերագնահատումը` որպես հասարակության շարժիչ ուժ և մեր երկրի զարգացման կարևոր գրավական` չտարանջատելով այն մշակույթից»,-ընդգծեց նախարարը:
Քանի որ խորհրդաժողովին ներկա էին նաև ՀՀ–ում արտասահմանյան երկրների դեսպաններ, նախարարն ընդգծեց, որ կրթությունը կարևորվում է նաև որպես միջմշակութային հաղորդակցության և քաղաքակրթությունների կամուրջ.«Իրականում հարափոփոխ աշխարհում իրար ճանաչելը գրավական է իրար հետ համերաշխ ապրելու»,-փաստեց Ա.Աշոտյանը:
Խորհրդաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև խմբային քննարկումներ` կոնկրետ ծրագրերի շուրջ: