ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է
2009-11-25
Անդրադառնալով տրամադրվող կրթաթոշակի խնդրին` նշենք, որ, իհարկե, հինգ հազար դրամ կրթաթոշակը կարևոր է կյանքի որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց խոշոր հաշվով այն անբավարար գումար է, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև իրենք` ուսանողները: Հաջորդ տարի պետության կողմից ֆինանսավորվելու է շուրջ 19700 ուսանող: Համապատասխան հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ տրամադրվող կրթաթոշակների գումարը կազմում է շուրջ 125-130 մլն դրամ: Այս գումարը մոտավորապես 300 ուսանողի ուսման վարձի փոխհատուցում կարող է ծառայել:
Կրթության մատչելիության ապահովման և առկա ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման տեսանկյունից բարեփոխումները, բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման հետ կապված, անխուսափելի են: Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրով նախատեսվում է ոչ առևտրային, այն է` երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով և աշխատանքի անցնելուց հետո մարման պայմանով ուսանողական վարկերի տրամադրումը: Հարկ ենք համարում նշել, որ առաջին` սա դեռևս վերջնական որոշում չէ, այլ գումարների առավել արդյունավետ օգտագործման մտադրություն, երկրորդ` 2010թ.-ին այս գործընթացը չի վերաբերելու, որովհետև 2010թ.-ին նախատեսվում է ընդամենը համապատասխան մեթոդաբանության մշակում, բուհերի ընտրություն, վարկերի համար լիազոր մարմնի որոշում և ընթացակարգային այլ մեխանիզմների հստակեցում, 2011թ.-ին ծրագիրը նախատեսվում է փորձարկել որոշակի բուհերում, 2012թ.-ին գնահատել դրա արդյունավետության աստիճանը և միայն 2013-14թթ.-ին է նախատեսված վարկային ծրագրի լայնածավալ կիրառումը: Հարկ ենք համարում շեշտել, որ ուսանողական կրթաթոշակները տրամադրվելու են այնքան ժամանակ, մինչև նոր մեխանիզմները չապացուցեն իրենց արդյունավետությունը: Ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փնտրում է այդ վարկային հիմնադրամում ներդրման աղբյուրներ, և դրանցից մեկը կարող է հանդիսանալ 125-130մլն դրամ կազմող կրթաթոշակային ֆոնդը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագիծը մինչ շրջանառության մեջ դնելը նախարարությունը կհրավիրի ուսանողական կազմակերպություններին և համատեղ քննարկումների արդյունքում միայն կկայացվի վերջնական որոշում:
Տարաբնույթ և թյուր մեկնաբանություններից զերծ մնալու համար հարկ ենք համարում նաև նշել, որ անվճար կրթություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել նախ և առաջ ՀՀ Սահմանադրության 39 հոդվածի պահանջից ելնելով` յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով : Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին: