Տեղի ունեցավ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

2009-11-19

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգի հետ կապված խնդիրների արդիականությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման  հայեցակարգ»  ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Նիստը վարում էր կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակային խմբին` ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմին և Գիտությունների ազգային ակադեմիային: «Իր թերություններով և առավելություններով հանդերձ` այս փաստաթղթի նախագծի քննարկումը փորձ է պատասխան գտնել մեզ բոլորիս միավորող և հուզող խնդիրներին: Բոլորս համաձայն ենք, որ խնդիրներն ակնհայտ են: Խնդրի լուծումների մեջ մենք տարբեր տեսակետների տեր ենք, բայց մտահոգությունների մեջ` նույնական: Ես կիսում եմ այն կարծիքը, որը հապաղելը կարող է ճակատագրական լինել մեզ համար, որովհետև ֆորմալ մոտեցումներն այս բնագավառում, ինչպես նաև իրական արդյունքի բացակայությունը ստվերում են ոչ միայն գիտության զարգացման հեռանկարները, այլև լուրջ խոչընդոտ են հանդիսանում բուհական գիտության համար»,-նշեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ միակ հայկական բուհը, որը ներառված է որևէ միջազգային վարկանիշային ցանկում, Երևանի պետական համալսարանն է: Նա հավաստիացրեց, որ ռուսական վարկանիշային սանդղակում պետհամալսարանի դիրքերն ավելի ուժեղ կլինեին, եթե լուծված լինեին երկու հիմնական` բուհի ֆինանսավորման և գիտության հիմնախնդիրները: «Գիտական գործունեությունը ոչ միայն գիտության բուն խնդիրն է, այլ նաև մեր բուհական համակարգի «աքիլեսյան գարշապարներից» մեկը, որը թույլ չի տալիս մեզ այս պահին ավելի հավակնոտ լինել միջազգային կրթական շուկայում»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:
Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության նախագահ Ա. Թոչունյանը:
Ս. Հարությունյանը ներկայացրեց գիտական աստիճանաշնորհման համակարգի ներկա վիճակը` 1994-2008 թվականների ընթացքում ՀՀ-ում գիտական աստիճանի վկայագիր ստացածների թվաքանակի, պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում և թեմաներում նրանց ընդգրկվածության, միջազգային առաջատար ամսագրերում հրապարակված գիտական  հոդվածների, տարիքային և սեռային խմբերի վերաբերյալ ամփոփ տվյալներ: Գիտպետկոմի նախագահն անդրադարձ կատարեց գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակին, այն է` ժամանակակից գիտության պահանջներին համապատասխան գիտական աստիճանաշնորհման արդյունավետ համակարգի ձևավորումը: Ս. Հարությունյանն իր ելույթում նախանշեց համակարգի զարգացման նպատակակետերը և մարտավարությունը, որոնք հիմնականում ներառում են` գիտական աստիճանաշնորհման համակարգի գործառույթների, դրանց իրականացման մեխանիզմների և պատասխանատու մարմինների իրավասությունների հստակեցում, մասնագիտական խորհուրդների ձևավորման չափանիշների և մեխանիզմների արդիականացում, դրանց պատասխանատվության բարձրացում, ինչպես նաև ատենախոսություններին առաջադրվող պահանջների արդիականացում:
ԲՈՀ-ի նախագահ Ա. Թոչունյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի հիմնական դիտողություններն ու առաջարկությունները հայեցակարգի նախագծի վերաբերյալ:
Զեկույցներից հետո կոլեգիայի անդամները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողներին: Ա. Բախշյանը մտահոգված էր գիտական աստիճանաշնորհման համակարգում կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ: ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ գիտական խորհուրդների գործունեության, գիտական ամսագրերի թվաքանակի, տարբեր մասնագիտությունների գծով ատենախոսությունների և գիտական աստիճանների, գիտական թեմաների հաստատման հիմնախնդիրներին: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը ներկայացրեց ՀՀ-ում գիտության թեկնածուների թվաքանակի և գիտական կադրերի պատրաստման հետ կապված առկա խնդիրները: Գիտության հիմնախնդիրների շուրջ ելույթներով հանդես եկան նաև Երևանի փոխքաղաքապետ Կ. Արեյանը և ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը:
Քննարկումների արդյունքում կոլեգիայի անդամներն առաջարկեցին նախարարին հայեցակարգային այս փաստաթուղթն ընդունել որպես հիմք` հետագա աշխատանքների համար, քանի որ առկա է տեսակետների տարամիտում, և փաստաթուղթը դեռևս չի կարող հավակնել ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ դառնալ: Նիստի ավարտին մասնակիցները կոլեգիայի նախագահ Ա. Աշոտյանին առաջարկեցին. ա/ համապատասխան հիմնավորումներով դիմել ՀՀ վարչապետին`  ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, 150-րդ  կետով հաստատված ««Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային  որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը  հանելու առաջարկով,
բ/ ձևավորել աշխատանքային խումբ  և հանձնարարել վերջինիս մինչև 2010 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ մշակել «ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված «ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 8-ի հ.327 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և մինչև 2010 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ` «Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման  հայեցակարգին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Առաջարկվեց խմբում ներգրավել ՀՀ կրթության և գիտության նախարարի երկու տեղակալներին, Գիտության պետական կոմիտեի, ԲՈՀ-ի, ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև նախարարության համապատասխան վարչությունների պետերին: Խումբը կլրամշակի և կհամադրի փաստաթուղթը ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության տրամադրած տեղեկանքի հետ, որում դիտողություններ կան ԲՈՀ-ի վարչարարության և նորմատիվ բազայի թերությունների հետ կապված, ինչպես նաև բովանդակային խնդիրներ, որոնք շաղկապված են գիտական ամսագրերի, թեմաների հաստատման և այլ հարցեր հետ:
գ/ հետևողական լինել համակարգում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, հակառակ պարագայում` գերատեսչությունը չի կարող պաշտպանել ոլորտի շահերը:
Եզրափակելով կոլեգիայի նիստը` Արմեն Աշոտյանը կոլեգիայի անդամներին առաջարկեց հետագա նիստերի օրակարգում ընդգրկվելիք թեմաների հետ կապված ներկայացնել առաջարկություններ, որպեսզի նախարարությունը, աշխատանքային առաջնահերթությունները կազմելիս, կարողանա հաշվի առնել նաև կոլեգիայի անդամների կարծիքը:
Նիստի վերջում քննարկված հարցի շուրջ կոլեգիան կայացրեց որոշում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։