Գիտելիքն է մեր ապագան
2009-11-17
Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան կազմակերպել էր «Ուսանողն այսօր» թեմայով համաժողով: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդները: Ուսանողի օրվան նվիրված համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը և ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:
Նախարար Ա. Աշոտյանը, ողջունելով և շնորհավորելով ուսանողներին միջազգային օրվա կապակցությամբ, նշեց. «Մեր սպասելիքները հայ ուսանողությունից շատ մեծ են: Նրանք մեր ապագան են, ինչու չէ` նաև մեր ներկան: Ձեզանից պահանջվում է սովորել, որովհետև գիտելիքն է մեր ապագան: Գիտելիքն է մեր հասարակության մեջ տեղ գրավելու ուրույն գրավականը: Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ դուք պետք է ստանաք կյանքի ուղեգիր: Ուզում եմ` այսօր յուրաքանչյուրս դառնանք գիտելիքի քարոզիչ, լուսավորենք իրար ոչ թե ապագայի տեսլականով, այլ իրական փաստերով: Մեր երկրում գիտելիքը սկսել է հաղթել. այդ հաղթարշավը շարունակվելու է, և պտուղներ քաղողները դուք եք լինելու»:Նախարարն անդրադարձավ նաև ուսանողական կառույցներին, որոնք, ունենալով մեծ ներուժ, չեն կարողանում այն լիովին իրացնել: Ներկայացված լինելով ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդներում` ուսանողները դեռևս չեն կարողանում օգտագործել իրենց ընձեռված հնարավորությունները: Ներկայացնելով բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում առկա խնդիրները և դրանց լուծմանը միտված գործընթացները` նախարարը նշեց. «Կրթություն որակը մեր համակարգում այնքան ժամանակ բեկումնային աճ չի ունենա, քանի դեռ ուսանողը չի գիտակցել, որ ինքն է առաջին շահագրգրված մարդը` կրթության որակի մեխանիզմների ապահովման հարցում»:
Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար նախարար Ա. Աշոտյանը ԿԳՆ պատվոգրեր հանձնեց ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊԲՀ և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդներին, իսկ շնորհակալագրերի արժանացան ՀՊԱՀ ուսխորհրդի նախագահ Ռոբերտ Նազարյանը և ոչ պետական բուհերի ասոցիացիայի նախագահ Արմինե Բարսեղյանը: Ակտիվ ուսանողական միջոցառումների անցկացման համար ՀՊՄՀ ուսխորհուրդը նախարարության կողմից ստացավ նվեր` հեռուստացույց:
Նախարարը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գիտության բնագավառի աշխատողների աշխատավարձին, ուսանողների կրթաթոշակներին, մագիստրատուրայում ռոտացիայի կիրառմանը և ուսանողների շարժունակության ապահովմանը:
Ուսանողի միջազգային օրվա տոնակատարությունների շրջանակում նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց նաև Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի միջոցառմանը և «Գագիկ Ծառուկյան հիմնադրամի» կողմից կազմակերպված ուսանողների ընդունելությանը: