Հայ-ուկրաինական կապեր

2009-11-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օլեքսանդեր Բոժկոյին և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ռեկտոր Ս. Ղուդրատյանին: Ողջունելով հյուրերին` նախարարը ներկայացրեց բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության քաղաքականությունը, որը հիմնականում միտված է կրթության որակի ապահովմանը: Նախարարը նշեց, որ այս առումով կուժեղացվի վերահսկողությունը ինչպես տեղական, այնպես էլ  ՀՀ-ում գործող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում: 
Անդրադարձ կատարելով հայ-ուկրաինական կրթական համագործակցությանը` դեսպան Օլեքսանդեր Բոժկոն նշեց, որ Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթություն են ստանում ՀՀ 150 քաղաքացի: Նախարարը կարևորեց միջպետական համաձայնագրով կրթաթոշակների սահմանման խնդիրը, որը երկուստեք շահեկան կլինի կողմերի համար: Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի գործունեության վերաբերյալ նախարարը նշեց, որ յուրաքանչյուր բուհի հեղինակությունը ձևավորվում է շրջանավարտի գիտելիքներով ու մասնագիտական հմտություններով, ով յուրօրինակ գովազդ է դառնում տվյալ ուսումնական հաստատության համար:
Դեսպան Օլեքսանդեր Բոժկոյին հետաքրքրում էր նաև նոյեմբերի 20-21-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովի նպատակները: Նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացեց, որ նախատեսվող խորհրդաժողովը նպատակ ունի հիմքեր ստեղծել կրթության համակարգում ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համակարգված գործելու և միջազգային փորձի փոխանակման համար: «Նախատեսում ենք կազմակերպել ծրագրերի տոնավաճառ, որը ոչ միայն կակտիվացնի մեր գործընկերների գործունեությունը, այլև համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ կստեղծի»,- նշեց նախարարը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։