Հայ-բուլղարական կապեր
2009-11-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեոդոս Ստայկովին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում հայ-բուլղարական համագործակցության խնդիրներ: Նախարարը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա. այդ է վկայում վերջերս երկու երկրների կառավարությունների միջև կնքված գործողությունների ծրագրի վավերացումը: «Եվրամիության անդամ հանդիսացող Բուլղարիայի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացը մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում»,-նշեց նախարարը:
Դեսպանն անդրադարձավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով Բուլղարիայի պետական բյուջեում գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների նվազման խնդրին: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ երկու երկրների միջև գիտության ոլորտում համագործակցության անհրաժեշտություն կա, քանի որ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի:
Նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց դեսպանին, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է հաջորդ տարվա բյուջեում պահպանել ինչպես գիտության ոլորտի զարգացման, այնպես էլ կրթական ծրագրերի իրականացման համար հատկացվող գումարները, և հիմնական կրճատումները պայմանավորված են ժողովրդագրական ցուցանիշներով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուլղարերեն լեզվի ուսուցման հետ կապված հարցերը: Երևանի Պ.Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական համալսարանում բուլղարերեն լեզվի դասավանդումն իրականացնում է այդ նպատակով Բուլղարիայի Հանրապետությունից Հայաստան ժամանած դասախոսը: Անդրադարձ կատարվեց նաև միջպետական համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար սահմանված 4 բուհական կրթաթոշակների, դասախոսների և ուսանողների ամենամյա փոխանակումների, միջբուհական կապերի և փորձի փոխանակման ծրագրերի հետ կապված հարցերին: