Բյուջե 2010

2009-11-10

2010 թվականի ՀՀ պետական բյուջեում կրթության և գիտության ոլորտի հատկացումների շուրջ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով կրթության և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ մամուլում շրջանառվող 24.7 տոկոս կրճատմանը` նախարարը նշեց. «Իրականում ունենք հաշվարկային այլ մեթոդաբանություն: Հաշվարկը, որ կատարվում է 2010 թվականի բյուջետային հատկացումների մասով, դիտարկվում է 2009 թվականի ակնկալվող բյուջետային հաշվարկով, սակայն 2009 թվականի փաստացի բյուջեի համեմատությամբ 2010 թվականի բյուջեն նվազել է ընդամենը 12.8 տոկոսով: Փաստացի, հաջորդ տարի կրթության և գիտության բյուջետային ծախսերը կրճատվել են 12.8 տոկոսով»:

Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի համեմատ կրթության և գիտության ոլորտում բյուջետային ծախսերի թիվը կազմելու է շուրջ 3 տոկոս: Դա նույն 2008 թվականի ցուցանիշն է: «Այսինքն, խոշոր տատանումներ այստեղ չկան, և պետության հետևողական ուշադրությունը բյուջետային ծախսերի մասով պահպանվում է ՀՆԱ-ի հետ համեմատ»,-ընդգծեց նախարարը: Դրական տեղաշարժ է առկա` բյուջետային հատկացումների բաշխվածության հետ կապված: «ՀՀ-ում երկար տարիներ բյուջետային հատկացումների առյուծի բաժինը տրամադրվել է հանրակրթությանը, սակայն առավել զարգացած երկրներում հանրակրթություն-մասնագիտական կրթություն հարաբերակցությունը համապատասխանաբար 75 և 25 տոկոս է: Մեր գործունեության հիմնական միտումն է` ավելացնել մասնագիտական կրթության հատկացումները, որոնք պահպանվել են նաև 2010 թվականի պետական բյուջեում: 2009 թվականին բյուջետային ակնկալիքը ծախսային մասով 108 միլիարդ է լինելու, իսկ 2010 թվականին նախատեսված է 95 միլիարդ դրամ: Տարբերությունը 13 միլիարդ դրամ է, և այդ տարբերությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական ճգնաժամի պատճառով բյուջետային հատկացումների կրճատմամբ: Հանրապետությունում առկա է ժողովրդագրական խնդիր. նվազում է աշակերտների թիվը հանրակրթական դպրոցներում: Հաջորդ տարի շուրջ 20000 աշակերտ պակաս է հաճախելու դպրոց. այս միտումը տարածվել է նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վրա, և թվաքանակի նվազման պատճառով բյուջետային հատկացումների կրճատում է տեղի ունեցել, որովհետև բոլոր համակարգերում ֆինանսավորումը աշակերտ, ուսանող թվով է: Այս գործոնով պայմանավորված` բյուջեն կրճատվել է մոտ մեկ միլիարդ դրամի ծավալով»,- մեկնաբանեց նախարարը:
12 միլիարդ դրամ կրճատվել է կրթությանը մատակարարվող օժանդակ ծառայությունների բնագավառից: Հիմնական կրճատումները տեղի են ունեցել դպրոցաշինության և դպրոցների վերանորոգման մասով, կրճատվել են նախարարի և նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը: Բուն կրթական հոդվածները կամ չեն կրճատվել կամ փոփոխվել են նվազագույն մակարդակով կամ երբեմն նաև ավելացել են: Նախադպրոցական կրթության ոլորտում այս տարի Համաշխարհային բանկի «Նախադպրոցական կրթության զարգացման և մատչելիության բարձրացման ծրագրի» շնորհիվ 22 համայնքում, որից 19-ը դպրոցների բազայի հենքի վրա, ձևավորվել են նախադպրոցական կրթության դասարաններ: Հաջորդ տարի ՀՀ կառավարությանը հաջողվել է պահպանել այդ դասարանների գործունեությունը: Հանրակրթության բնագավառում ծախսերը նվազել են 1.5 տոկոսով: Ծախսերի նվազումը պայմանավորված է միմիայն ժողովրդագրական ցուցանիշներով: Պահպանվել են ուսուցիչների աշխատավարձի և աշակերտ թվով ֆինանսավորման այն ծավալները, որոնք առկա էին  2009 թվականին: Շարունակականությունից ելնելով` պահպանվել է նաև ավագ դպրոցների ցանցի ընդլայնման ծրագիրը: Մյուս տարի ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված է ևս 48 դպրոցի շնորհել ավագ դպրոցի կարգավիճակ, որը ենթադրում է աշակերտ թվով ֆինանսավորման լրացուցիչ ծավալ, 20 տոկոս հավելյալ աշխատավարձ: 2010 թվականի բյուջեում նախատեսված է նաև ավագ դպրոցների բարեփոխման ֆինանսական աջակցության խնդիրը: Անկախ ֆինանսական ճգնաժամից` ՀՀ կառավարությանը հաջողվել է պահպանել ներառական կրթության ներդրման ծրագիրը: Նախարարության համար գերակա համարվող այս բնագավառում նվազումը կազմել է ընդամենը 8.6 տոկոս, որը կրկին պայմանավորված է երեխաների թվաքանակի պակասով: Նախնական մասնագիտական կրթության ոլորտում բյուջետային հատկացումների տոկոսը նվազել է 3.4-ով, իսկ միջին մասնագիտական ոլորտում` 0.8 տոկոսով, որոնք նույնպես պայմանավորված են ժողովրդագրական ցուցանիշներով: Բարձրագույն կրթության ոլորտում կրճատումը կազմել 0.6 տոկոս:
Անդրադառնալով արտադպրոցական կրթության հատկացումներին` նախարարը նշեց, որ կրթությունը չի դիտարկվում որպես լոկ ուսումնական գործընթաց. այն նաև դաստիարակչական գործընթաց է, որի բաղադրիչներն է քաղաքացիական, ազգային, ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Այս ոլորտին պետությունը տրամադրելու է 1.4 տոկոս հավելյալ միջոցներ: Գիտության ոլորտի հատկացումների վերաբերյալ նախարարն ընդգծեց. «Այս մասով որևէ կրճատում չի իրականացվել, թեպետ մենք միշտ բողոքում ենք գիտության ոլորտի անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությունից` բեկումնային աճ ապահովելու համար»:
 Կրթությանը օժանդակող ծրագրերի վերաբերյալ նախարարը նշեց, որ հաջորդ տարի պահպանվելու են տարրական դասարաններին անվճար դասագրքերով, ինչպես նաև ավագ դպրոցում չորս առարկաների դասագրքերով ապահովման ծրագրերը: Նա հավելեց, որ պահպանվելու է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հատկացվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագիրը, որը միտված է փոխհատուցելու, թեթևացնելու այդ ընտանիքների բեռը: Պահպանվել են համակարգչային ծառայությունների հետ կապված կրթական ծախսերը` շուրջ 700 մլն դրամ: Այդ գումարով ոչ միայն պահպանվելու է այն դպրոցական ցանցը, որին այժմ միացած է 644 դպրոց, այլ նաև հավելյալ 300 դպրոց ընդգրկվելու է դպրոցական համակարգչային ցանցում` ձևավորելով 944 դպրոցից բաղկացած միակցված ինտերնետային ցանց: Այս տարի առաջին անգամ պետական բյուջեում տեղ են գտել Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի պահպանման ծախսերը, որն իրականացվում է գերմանական կողմի հետ համաֆինանսավորմամբ, և առաջին անգամ է, որ պետությունը ֆինանսավորում է արտասահմանի ուսումնական հաստատությունում որևէ ծրագիր:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հաստատվել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագիրը, որը հնարավորություն կտա չորս տարվա ընթացքում ոչ միայն պահպանել, այլ նաև նախագծել զարգացման ծրագրեր: «Հաջորդ տարի այդ վարկից հատկացվելու է 2.3 միլիարդ դրամ, իսկ Եվրամիության «Նոր հարևանության» դրամաշնորհային ծրագրով` միջին մասնագիտական կրթության ոլորտին տրամադրվելու է 1.8 միլիարդ դրամ: Այսինքն, կրթության ոլորտում ներդրվելու են 4.1 մլրդ դրամ արտասահմանյան միջոցներ»,-նշեց նախարարը:
 Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունը բոլոր միջոցները գործադրելու է, որ պահպանվեն կրթության ոլորտում իրականացվող բոլոր զարգացման ծրագրերը, ինչպես նաև հատկացված գումարների առավելագույն արդյունավետ օգտագործումը: «Կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն է` պահպանելով բոլոր ծրագրերը` ռեսուրսներ գտնել հետագա զարգացումների համար»,-եզրափակեց նախարարը:
Ասուլիսի ավարտին նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես բյուջեի հատկացումներին, այնպես էլ կրթության և գիտության ոլորտի այլ հիմնախնդիրներին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։