Հրաժեշտի հանդիպում

2009-11-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին`  առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Աշոտյանը տիկին Վիդալին շնորհակալություն հայտնեց իր գործունեության համար և որպես ՀՀ քաղաքացի և որպես ՀՀ կրթության և գիտության նախարար: «Ձեր ղեկավարությամբ Հայաստանում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը կրթության ոլորտում կարևոր բնագավառներից մեկն է եղել, և առաքելության նոր ղեկավարին թողնում եք լավ ժառանգություն` ծրագրերն արդյունավետ շարունակելու համար»:

Տիկին Վիդալը, շնորհակալություն հայտնելով «գերազանց համագործակցության» համար, նշեց, որ Հայաստանում անցկացրած չորս տարիների ընթացքում իր անձնական և աշխատանքային գործունեությունը լի է մեծ տպավորություններով: Նա հավաստիացրեց, որ ՄԱԿ-ն առկա կարողությունների սահմաններում այսուհետ ևս միշտ պատրաստ կլինի աջակցել Հայաստանի Հանրապետությանը` իր խնդիրների լուծման գործում: Նա համոզմունք հայտնեց, որ ավարտվում է համագործակցության ընդամենն այս փուլը, իսկ ինստիտուցիոնալ համագործակցությունը նախարարության հետ շարունակվելու է:
Նախարարը հաջողություն մաղթեց տիկին Վիդալին իր նոր` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։