Ռազմավարական և վերլուծական նոր մոտեցումներ
2009-11-06
Կարևորելով կրթության դերը Հայաստանի զարգացման գործում և նպատակ ունենալով բարձրացնել կրթության որակն ու արդյունավետությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջև այսօր կնքվեց համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և «Նորավանք» գիտակրթական կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի: Անդրադառնալով հուշագրին` նախարարը նշեց, որ կրթության ոլորտում երկար տարիներ բացակայել են ռազմավարական, վերլուծական մոտեցումները, որոնք թույլ կտային հասկանալ համակարգի իրական խնդիրները, մարտահրավերները և լուծման ճանապարհները:
«Կրթական քաղաքականության մշակման գործում կարևոր է նախարարության ռեսուրսներից զատ ներգրավել նաև այլ միջոցներ: Այս համատեքստում մենք կարևորում ենք համագործակցությունը վերլուծական կենտրոնների հետ և առաջին նմանատիպ նախաձեռնությունն իրականացնում ենք «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ»,-ընդգծեց նախարարը: Նա հավելեց, որ «Նորավանքի» հետ համագործակցության մեջ երկրորդ բաղադրիչը կրթության ռազմավարական բնույթի հետազոտություններն են. «Այստեղ համագործակցության լայն դաշտ է բացվում նաև այն տեսակետից, որ կրթությունն իրականում ռազմավարական ուղղություն է, որն ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում, և այս ուղղությամբ մենք ահռելի աշխատանք ունենք իրականացնելու»,-փաստեց նա: Երրորդ խնդիրը, որը որպես համագործակցության անկյունաքար ներկայացրեց Ա. Աշոտյանը, կրթության դաստիարակչական գործառույթի իրականացումն է: «Առ այսօր մենք այս հարցում համակարգված մոտեցումներ չունենք: Չէ‘ որ կրթությունը ոչ միայն ուսումնական գործընթաց է, այլ նաև դաստիարակություն, հասարակական այնպիսի արժեքների ներմուծում երիտասարդ սերնդի մեջ, որոնք պետք է նպաստեն հասարակության լիարժեք կայացմանը և պետության ամրապնդմանը»,-նշեց նախարարը: Անդրադառնալով համաձայնագրով նախանշված բոլոր ուղղություններին, նախարարն ուշադրություն հրավիրեց երկուստեք ընդունելի երկու գերակա ծրագրերի վրա, որոնց ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու: Առաջին ծրագիրը դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծության խնդիրն է, որն, ըստ նախարարի, խիստ արդիական է և հանդիսանում է հանրակրթության «աքիլեսյան գարշապարը»: «Դասագրքերի բովանդակության բազմակողմանի վերլուծության համար մեզ անհրաժեշտ են նուրբ գործիքներ, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում: Մենք նախատեսում ենք ունենալ համակարգչային ծրագիր, որի միջոցով կկատարվի համապատասխան վերլուծություն և գնահատում` նվազեցնելով մարդկային գործոնի ներգրավվածությունը»,-ասաց նախարարը: Երկրորդ նախանշված ուղղությունը հայկական բուհերի վարկանիշային գնահատման ծրագիրն է: «Ուսումնասիրելով համաշխարհային լավագույն փորձը` մենք պատրաստվում ենք ներդնել հայկական բուհերի գնահատման սեփական համակարգը` հիմնվելով միջազգային մեթոդաբանության վրա: Դա թույլ կտա օբյեկտիվորեն հասկանալ բարձրագույն կրթության ոլորտում այս կամ այն հաստատության դերն ու կշիռը, միաժամանակ օգտակար տեղեկատվություն կլինի հասարակության համար»,-նշեց նա: Նախարարը հավելեց, որ երկու ծրագրերն էլ նախատեսվում է իրականացնել արտաբյուջետային միջոցների հաշվին:
Նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել համագործակցության բոլոր հնարավորություններն այն հասարակական կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների հետ, որոնք իրենց ծրագրերով կարող են աջակից լինել նախարարության աշխատանքներին: