Նախարարի այցը Մոնտենեգրո
2009-11-02
Հոկտեմբերի 27-29-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացավ Համաշխարհային բանկի (ՀԲ) հերթական համաժողովը` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանի երկրների համար: Համաժողովին մասնակցում էին 31 երկրի, ինչպես նաև ՀԲ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակից երկրների պատվիրակությունների կազմում էին կրթության նախարարներ, փոխնախարարներ, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի մասնագետներ: Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին: Հայկական պատվիրակությունը համաժողովի շրջանակում մասնակցեց տնտեսական ճգնաժամի պատճառով բարձրագույն կրթական համակարգում առաջացող հիմնախնդիրների լուծմանը, ֆինանսական մեխանիզմների միջոցով բարձրագույն կրթության որակի, արդյունավետության և սոցիալական հավասարության ապահովմանը վերաբերող քննարկումներին: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման լավագույն փորձը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում բարձրագույն կրթության ներկա իրավիճակը` մակրո և միկրո (կրթական հաստատությունների) մակարդակներում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպումներ ունեցավ մասնակից երկրների մի շարք նախարարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավար պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին փոխհամագործակցության հարցեր: Նախարարը ՀԲ-ին ներկայացրեց հաջորդ համաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ առաջարկ: