Պետական աջակցություն` «գերազանցության կենտրոններին»

2009-10-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` ՀԲ կրթության բնագավառի ղեկավար  Մ. Մուրթիին, ՀԲ կրթության ոլորտի թիմի ղեկավար  Մ. Մուլաթուին և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի ամփոփմանը և երկրորդ ծրագրի մեկնարկին վերաբերող մի շարք խնդիրներ:

Անդրադառնալով ծրագրի քաղաքականության հետ կապված խնդիրներին` նախարարը նշեց, որ ծրագրի իրականացման գործընթացում առաջնահերթ է  լայն տեղեկատվական բաղադրիչի` հասարակության աջակցության ձևավորման խնդիրը: «Առաջին վարկային ծրագրի հետ կապված հիմնական դժվարությունը  տեղեկատվության պակասով պայմանավորված հասարակության իներտությունն ու ինչ-որ տեղ նաև նրա դիմակայությունն էր: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի երկրորդ ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումները վստահելի լինեն հասարակության համար. խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուսանողական վարկերի տրամադրման գործընթացի թափանցիկության ապահովմանը` ինչ տոկոսադրույքներ են սահմանվելու և ինչ մեխանիզմներով է իրականացվելու ֆինանսավորումը»,-նշեց նախարարը: Նա անդրադարձավ նաև նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ծրագրերում համայնքների ընդգրկվածության խնդրին: Երրորդ հարցը, որի շուրջ խոսեց Ա. Աշոտյանը, վերաբերում էր հանրակրթության բնագավառի բարեփոխումների շարունակականությանը: Նախարարը ներկաներին տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում նախատեսված է հետազոտական համալսարանների չափորոշիչների մշակում և այդ համալսարանների ընտրություն: «2011 թվականին մենք կունենանք հետազոտական համալսարաններ, որոնց` որպես «գերազանցության կենտրոններ», պետությունն  ակտիվ ֆինանսական աջակցություն կցուցաբերի»,-ընդգծեց Ա. Աշոտյանը: Նա նաև հավելեց, որ հաջորդ տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով անկախ մարմնի կողմից նախատեսվում է առաջին անգամ իրականացնել ՀՀ բուհերի վարկանիշավորում: Նախարարը հյուրերին տեղեկացրեց, որ հաջորդ տարի վերանայվելու են բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման մեխանիզմները: Այդ նպատակով գրություններ են ուղարկվել  համապատասխան մարմիններ` ճշգրտելու  տվյալ ոլորտների աշխատաշուկայի կանխատեսումները: «Բարձրագույն կրթության ոլորտում անվճար հատկացված տեղերը պետք է համահունչ լինեն տնտեսության զարգացմանը և մասնագիտությունների ցանկի հաստատման գործընթացում մենք նախատեսում ենք առավել նպատակային օգտագործել պետական միջոցները: Այս գործընթացում մենք առաջնորդվելու ենք երեք հիմնական սկզբունքներով` սոցիալական հավասարություն և արդարություն, ճշգրիտ և բնագիտական առարկաների, ինչպես նաև մշակութային և ազգային ինքնության պահպանման մասնագիտությունների ընդլայնում»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի շրջանակում իրականացվող գործընթացներին` նախարարը  նշեց, որ 2011 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանը Լեհաստանի հետ համանախագահելու է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խումբը: Այս համատեքստում 2011 թվականին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին:
Հանդիպման ավարտին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն արտահայտեցին վերոնշյալ հարցերի շուրջ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։