Հայ առաքելական եկեղեցին` հայ դպրոցի պահապան
2009-10-22
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների 2009 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունըÖ‰ Արդեն 6-րդ անգամ կազմակերպվող այս մրցույթը Հայ Առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության արդյունք է:
Ողջունելով և շնորհավորելով մրցույթի հաղթողներին և մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ մրցույթի ընթացքում գնահատվում են ուսուցչի ինչպես գործնական կարողությունները, այնպես էլ թեմայի շուրջ բանավիճելու և դասավանդվող առարկայի վերաբերյալ առաջարկություններ անելու հմտությունները: «Այս մրցույթը մեզ համար կարևոր է, քանի որ եկեղեցի-պետություն համագործակցության շրջանակում անկյունաքարային է դիտվում կրթությունը: Կրթական համակարգը պատրաստում է ապագայի հայ քաղաքացուն, ով իր մեջ բացի գիտելիքից, ժողովրդավարական և այլ արժեքներից, պետք է կրի նաև հայ քրիստոնյայի դարավոր արժեքները: Մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը ազգային ինքնության պահպանման, հոգևոր և մշակութային դաստիարակության հարցում: Ազգային ինքնությունը դա մտածելակերպ է, որը քեզ համահունչ է դարձնում քո ազգին բնորոշ քաղաքակրթական տարրերին: Ով դա կանի ավելի լավ, քան եկեղեցին»,-ընդգծեց նախարարը:
Ա. Աշոտյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու և նախարարության համագործակցությունը մի փոքրիկ մասն է ընդհանուր գործողությունների ծրագրի, որն ավելի մեծ զարգացում է ստանալու ապագայում:
Նախարար Ա. Աշոտյանը, պարգևատրելով հաղթողներին, նշեց. «Ուրախ եմ, որ պատիվ ունեմ իմ փոքրիկ ներդրումն ունենալու Հայ եկեղեցու ազգանվեր, երեխայակենտրոն և ապագային միտված գործունեության մեջ: Նախարարությունը ոչ միայն բաց է Հայ Առաքելական եկեղեցու ծրագրերի և առաջարկությունների համար, այլ մենք այն միջոցն ենք, որով եկեղեցին իրականացնում է ավանդական այն առաքելությունը, որն ունեցել է ստեղծման օրվանից առ այսօր:
Այս միջոցառման կարևորությունը շատ ավելին է, քան ասված բոլոր գնահատանքի խոսքերը: Այն հանգամանքը, որ մեր կրթական համակարգից բոլորս սկսել ենք պահանջել որակ, գիտելիք, տեղեկատվություն, կարծես երկրորդ պլան է մղվում դպրոցի դաստիարակչական գործառույթը: Իհարկե, մեզ պետք են գիտակից կադրեր, մարդիկ, ովքեր աշխատաշուկայում, տնտեսության մեջ կարող են իրենց ներդրումն ունենալ, բայց արդյոք սա է միայն կրթության առաքելությունը: Արդյոք կրթական համակարգը պետք է բավարարի միայն տնտեսական պահանաջարկի սպասարկումը: Իհարկե, ոչ: Դպրոցը ստեղծվել է հոգևոր արժեքների շուրջ: Հայ դպրոցի մշտական հովանավորը և պահապանը եղել է Հայ առաքելական եկեղեցին և այն դաստիարակչական գործառույթը, որն իրականացվել է:
Մենք, արդիականացնելով մեր կրթությունը և համապատասխանեցնելով 21-րդ դարի տնտեսական պահանջներին, պետք է հասկանանանք, որ թիվ մեկ մարտահրավերը մեզ նման ժողովուրդների համար ազգային ինքնության պահպանումն է», - իր խոսքն ամփոփեց նախարարը:
2009 թվականին «Լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլին մասնակցել է շուրջ 300 ուսուցիչ, իսկ հանրապետականին՝ 39-ըÖ‰ Նրանցից 4-ն արժանացել են առաջին մրցանակի, 8-ը՝ երկրորդ, 11-ը՝ երրորդÖ‰
Մրցույթի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ մրցանակակիրները՝ դրամական պարգևներ և պատվոգրեր: