Ի գիտություն ԶԼՄ-ների

2009-10-22

Ի պատասխան հանրապետական մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետությունում սովորում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 1700 ուսանող, ովքեր ընդգրկված են բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճաններում: Այս տարի ևս պահպանվել է իրանցի դիմորդների այն ցուցանիշը, ինչ նախորդ տարիներին:
Միաժամանակ հայտնում ենք, որ Իրանի կառավարությունը ձեռնամուխ է եղել արտերկրում սովորող ուսանողների ստացած գիտելիքների վերահսկողության մեխանիզմների խստացմանը: Հայաստանում առկա են իրանցի ուսանողների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև կրթության որակին առնչվող, որոնք քննարկվել են հոկտեմբերի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ-ում  ԻԻՀ դեսպան Սեյիդ Ալի  Սաղաիանիի միջև կայացած հանդիպման ընթացքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ի թիվս այլ խնդիրների, ընթացք տալ նաև ՀՀ-ում սովորող ուսանողների կրթության որակի ապահովման խնդիրներին, որին մասնակից պետք է լինեն ոչ միայն նախարարությունը, դեսպանատունը, այլ նաև բուհերը: Հայաստանի պետական բուհերում սովորող իրանցի ուսանողների խնդիրները նախատեսվում է քննարկել նաև ռեկտորների խորհրդի առաջիկա նիստում, որի ընթացքում նախարարի կողմից կառաջարկվեն որոշակի մեխանիզմներ:
Տեղեկացնում ենք, որ բարձրագույն բժշկական կրթության որակի հետ կապված խնդիրներն այս տարիներին առավելապես ծագել են ոչ պետական որոշ բուհերում բժշկական բարձրագույն մասնագիտական ծրագրերի իրականացման պատճառով, երբ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հայտնվել են շրջանավարտներ, որոնց փաստացի գիտելիքները չեն համապատասխանում այդ բուհերի կողմից տրված դիպլոմներին: Այսինքն, պետք է փաստել, որ ոչ պետական որոշ բուհերում ցածրորակ կրթական ծառայությունների պատճառով ստվեր է նետվել ամբողջ բժշկական բարձրագույն կրթության որակի վրա:  Երևանի պետական բժշկական համալսարանն ընդհանուր առմամբ «զոհ» է գնացել ընդհանրական մոտեցումներին:
Ինչպես ԻԻՀ, այնպես էլ նաև այլ երկրների քաղաքացիների ուսումնառության հետ կապված խնդիրները  վերջին ժամանակահատվածում նախարարության ուշադրության կենտրոնում են: Համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, «Հայբուսակ» համալսարանում, որը դիմել էր անգլերեն լեզվով օտարերկրացիների դասավանդման հետ կապված թույլտվություն ստանալու համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում պետական կրթական չափորոշչին, և նախարարի կողմից մերժվել է այդ հնարավորությունը: Արդեն սովորող ուսանողներին առաջարկվել է այս կիսամյակի ավարտին տեղափոխվել անգլերեն լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող այլ ուսումնական հաստատություն` երաշխավորելով ուսման վարձի չափի պահպանումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայկական զանգվածային լրատվամիջոցներին առաջարկում է մինչ ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունների արտատպումը, պարզաբանումներ ստանալ կրթություն և գիտության նախարարությունից, որը պատրաստակամ է ծագած բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրել ստույգ տեղեկատվություն:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։