Բարեփոխումները շարունակական են

2009-10-22

«Կոնգրես» հյուրանոցում այսօր մեկնարկեց «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի ամփոփմանը և երկրորդ ծրագրի մեկնարկին նվիրված երկօրյա համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Համաշխարհային բանկը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, Համաշխարհային բանկի կրթության բնագավառի ղեկավար  Մ. Մուրթին, Համաշխարհային բանկի կրթության ոլորտի թիմի ղեկավար  Մ. Մուլաթուն, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսը, ԱԺ պատգամավորներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, կրթութան ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ: Նախարար Ա. Աշոտյանը հանդես եկավ զեկույցով, որի ընթացքում ներկայացրեց կրթության ոլորտի արդի խնդիրները և զարգացման հեռանկարները:  Ամփոփելով «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին ծրագրիրը` նախարարը նշեց, որ ծրագրի շնորհիվ Հայաստանում հնարավոր դարձավ իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք թույլ են տալիս տվյալ պահին մեր կրթության համակարգն  իր ընդհանուր կառուցվածքում բնութագրել որպես ժամանակակից: «Մեր կրթական համակարգին պետք է բնորոշ լինեն բոլոր այն բաղադրիչները, որոնք առկա են այնպիսի հաջողված կրթական համակարգում, ինչպիսին եվրոպականն է: Այլ խնդիր է, թե ինչ նոր բովանդակություն պետք է հաղորդել արդեն կայացած ենթակառուցվածքին, ինչպես պատկերացնել ստացված արդյունքների պահպանման  խնդիրները և անել այնպես, որ հասարակությունն ավելի շատ վստահի և մեզ աջակից լինի այս պահին»,-նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ  կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները, որոնք երբեմն ցավոտ են, երբեմն էլ հասկանալի չեն մի ստվար զանգվածի, կարիք ունեն հասարակական աջակցության  ավելի մեծ ալիքի: Անդրադառնալով երկրորդ վարկային ծրագրին` նախարարը նշեց, որ ծրագիրը թույլ է տալիս ճգնաժամի պայմաններում խոսել ոչ միայն պահպանման ծախսերի,  այլ նաև զարգացման ծրագրերի մասին, որովհետև երկրորդ ծրագրի շնորհիվ  ընդլայնվելու է նախադպրոցական կրթական ցանցը, որն ընդգրկելու է 140 համայնքում  նոր նախադպրոցական դասարանների  ստեղծման ծրագիր: «Ծրագրի երկրոդ բաղադրիչի շնորհիվ մենք կունենանք ուսանողական  վարկերի հնարավորություն ու ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ: Այդ  համատեքստում մենք փորձելու ենք բուհերի ֆինանսավորումն իրականացնել ըստ մրցունակության, որն առավել խթանիչ գործոն կհանդիսանա կրթության որակի ապահովման գործընթացում»,-փաստեց Ա. Աշոտյանը:
2009թ. դեկտեմբերին կմեկնարկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագիրը, որի հիմնական նպատակն է` Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել  դեպի գիտելիքահենք տնտեսության պահանջները` ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ: Երկրորդ ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրերից` հանրակրթության որակի բարելավում և Բոլոնիայի գործընթացի համատեքստում` աջակցություն բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին:
«Հանրակրթության որակի բարելավում» առաջին ենթածրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում, կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով, ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի ներդնում և աջակցություն ավագ դպրոցի բարեփոխումներին:
«Բոլոնիայի գործընթացի համատեքստում աջակցություն բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին» երկրորդ  ենթածրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները` որակի ապահովման մեխանիզմների ստեղծում և ամրապնդում, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում, աջակցություն բարձրագույն մասնագիտական կրթության ֆինանսավորման կայուն համակարգի ներդրմանը և մանկավարժական կրթության բարեփոխումներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։