ԱԺ-Կառավարություն համագործակցությունն արդյունավետ է

2009-10-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-նիդեռլանդական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: Նախարարը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշեց, որ Հայաստանում գործադիր և օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը նպաստում է պետական մարմինների առավել արդյունավետ գործունեությանը:
«Կրթության և գիտության նախարարության մշակած օրենսդրական նախաձեռնությունների շուրջ հրավիրված քննարկումներում մենք միշտ աշխատում ենք ներգրավել նաև Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներին: Բացի դա, կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի կազմում ընդգրկված է նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչը»,-նշեց նախարարը: Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրեց, որ մարմինների միջև համագործակցությունը չի սահմանափակվում միայն ոլորտային հանձնաժողովով: Նա նշեց, որ կրթական բարեփոխումների իրականացման գործում մեծ է նաև եվրոպական երկրների, մասնավորապես, Եվրամիության աջակցությունը, որը հիմնականում արտացոլվում է ոչ միայն Բոլոնյան գործընթացի, այլ նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում Եվրամիության` նոր հարևանության ծրագրի շրջանակում իրականացված գործընթացներում: «Այս համատեքստում մենք սերտ համագործակցում ենք Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հավաստիացնում եմ ձեզ, որ Եվրամիության` արևելյան համագործակցության ծրագրի շրջանակում հումանիտար ուղղությունների` կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում իրականացրած ծրագրերը մեր գործունեության կարևոր բաղադրիչն են»,-ընդգծեց նախարարը:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ-ում օտարերկրյա ուսանողների ուսումնառության հետ կապված խնդիրներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։