Սեմինար` նախարարության աշխատակիցների մասնակցությամբ
2009-10-20
Միջազգային հետազոտությունների և փոխանակումների «Այռեքս» կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր կազմակերպել էր սեմինար` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ վերջիններիս ներկայացվեց ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի Էդմոնդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մագիստրոսական ծրագրով ուսումը շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Մասկի ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները կարող են սովորել բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն և տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն և հանրային/պետական քաղաքականություն մասնագիտություններով: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով` ծրագրի սահմանած չափանիշներին համապատասխան:
Հանդիպման ընթացքում կազմակերպության տնօրեն, կրթական ծրագրերի ղեկավար Արինա Զոհրաբյանը ներկայացրեց մանրամասն տեղեկություններ` ծրագրի շրջանակում մագիստրոսական կոչում ստանալու համար ներկայացվող պահանջների և ուսումնական գործընթացի առանձնահատկությունների մասին:












