Կրթության իրավունքն` առանց տարիքային սահմանափակման
2009-10-19
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «DVV Ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը և «Մեծահասակների կրթության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ազդարարեցին մեծահասակների կրթության շաբաթի մեկնարկը, որը Հայաստանում նշվում է արդեն յոթերորդ անգամ: Շաբաթի շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ հանրապետության երեք քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Իջևանում` քաղաքացիական կրթության մեջ դպրոցների, հասարակական կազմակերպությունների և հոգևոր հաստատությունների դերի, ինչպես նաև որակավորումների ազգային շրջանակի և մշակութային օջախները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ դիտարկելու խնդիրների վերաբերյալ:
Շաբաթվա մեկնարկին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով մասնակիցներին` նախարարը նշեց, որ ՀՀ-ում տարիներ շարունակ պետությունն ուշադրություն է դարձրել կրթական համակարգի հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը. «Եկել է պահը, որպեսզի կրթական քաղաքականության ուշադրության կենտրոնում լինեն նաև մեծահասակների կրթության, այն է` ցկյանս կրթության հնարավորություններն ու հեռանկարները: Ցկյանս կրթական համակարգը հայկական նորամուծություն չէ. այն արդեն կայացել է արևմտյան երկրներում, և այստեղ մենք ընդօրինակելու և փոխառելու խնդիր ունենք»: Նախարարը նշեց, որ մեծահասակների կրթությունը նախևառաջ լուծում է աղքատության և գործազրկության կրճատման, հասարակությանը և տնտեսությանը պիտանի լինելու խնդիրը, որովհետև միշտ չէ, որ ստացած կրթությունը համապատասխանում է տնտեսության պահանջներին: Հետևաբար, տնտեսության և գիտության զարգացմանը զուգընթաց` պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի անգամ հիմնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո, մեծահասակները հնարավորություն ունենան հավելյալ կրթվելու և համապատասխանելու աշխատաշուկայի նոր պահանջներին: «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ սովորելու համար երբեք ուշ չէ, առավել ևս` սովորելն ամոթ չէ: Հետևաբար, անկախ տարիքից, զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից, յուրաքանչյուր մարդ գիտելիք ստանալու հնարավորություն պետք է ունենա. կրթության իրավունքը չունի տարիքային սահմանափակում»,-նշեց նախարարը: Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել հասարակական կազմակերպությունների աջակցությամբ մշակված «ՀՀ-ում ցկյանս ուսումնառության հայեցակարգը», որից բխում են ռազմավարության և օրենսդրական նախաձեռնություններ մշակելու հետագա քայլերը: «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք մեր կրթական շուկայում նաև լրացուցիչ և հետբուհական կրթության հնարավոր ծրագրերի զարգացմանը, ներդրմանը, և այստեղ մեր ուսումնական հաստատությունները բազմաթիվ անելիքներ ունեն»,-ընդգծեց նա:
Քննարկման ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ շեշտեցին, որ այս մեկ շաբաթը լավագույն առիթ է հասարակության ուշադրությունը սևեռելու մեծահասակների կրթության խնդրի վրա:












