Ազատ և հավասար մրցակցային պայմաններ

2009-10-14

ՀՀ կրթության և գիտության նախարարության և  «LOGOS  EXPO  Center» ընկերության կազմակերպած «Կրթություն և կարիերա 2009» խորագրով 10-րդ հոբելյանական ցուցահանդեսն այսօր բացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք էր հղել կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, որում, մասնավորապես, ասված էր. «Ավանդական դարձած այս միջոցառումը հետաքրքիր նախաձեռնություն է բազմաթիվ ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար: 
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ներկայացնելու կրթական համակարգի զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և գործընթացներ: Գերակա համարելով մասնագիտական կրթության որակը` այս միջոցառումը բոլոր ուսումնական հաստատությունների համար ապահովում է ազատ և հավասար  մրցակցային պայմաններ,  հիմքեր է ստեղծում առաջավոր փորձի ու ձեռքբերումների տարածման համար»:
Ցուցահանդեսի տեղեկատվական գլխավոր հովանավոր, Վիվասել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին, անդրադարձ կատարեց կրթության ոլորտում մրցունակության ապահովման կարևորությանը, ինչպես նաև կոչ արեց տնտեսական ոլորտի ներկայացուցիչներին` անմիջական մասնակցություն ունենալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացին:
Ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ քառասուն պետական և ոչ պետական բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ:
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է կազմակերպել քննարկումներ` կրթության արդի խնդիրների և ուսումնական նոր ծրագրերի վերաբերյալ: Կկազմակերպվեն նաև հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների այցելություններ ցուցահանդես, որի նպատակն է աշակերտներին ծանոթացնել ոչ միայն առաջարկվող նոր մասնագիտություններին և ծառայություններին, այլև նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։