Ֆրանսիական քաղաքականության և մշակույթի դեսպանը
2009-10-13
Բարձրագույն կրթության ֆրանսիական և եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման և մասնագիտական կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, կառավարման գիտությունների դոկտոր տիկին Անն-Մարի Շլոսերն այսօր պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հուշամեդալը ռեկտորին հանձնեց նախարար Արմեն Աշոտյանը:
Շնորհակալություն հայտնելով տիկին Շլոսերին իր կատարած աշխատանքի համար` նախարարը նշեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր արժանի տեղն է գրավում մեր բուհական համակարգում և այս տարիների ընթացքում, նաև տիկին Շլոսերի աշխատանքի շնորհիվ, դարձել է մեր բուհական համակարգի այցեքարտերից մեկը: «Վերջերս Հունաստանում կայացած բարձրագույն կրթության արդի զարգացումների և հեռանկարների վերաբերյալ միջազգային ֆորումում մեծ ոգևորության և ուշադրության արժանացավ մեր բուհական համակարգի մասին իմ զեկույցը, որում անդրադարձ էի կատարել Հայաստանի մի շարք առաջատար բուհերի, այդ թվում` ֆրանսիական համալսարանի գործունեությանը»,-նշեց նախարարը: Նա հավելեց, որ իրականացվող կրթական բարեփոխումների, առաջընթացի և միջազգային զարգացման գործընթացներում իրենց լուրջ դերակատարումն ունեն միջպետական համաձայնագրերով ստեղծված բուհերը, որոնք հնարավորություն են տալիս միաձուլել Հայաստանում բարձրագույն կրթական ավանդույթները նորարական մոտեցումների և եվրոպական ստանդարտների հետ:
Տիկին Անն-Մարի Շլոսերը նշեց, որ մեծագույն հուզմունքով և հաճույքով է ընդունում պատվո այս շքանշանը: «Այս պատիվը ես ուզում եմ վերագրել հայ-ֆրանսիական բարեկամությանը և նվիրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչներին և հատկապես ուսանողներին, որոնք հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մեծագույն արժեքն են կրում իրենց մեջ»,-նշեց ռեկտորը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: «Լիովին կիսում եմ Ձեր ուրախությունը` կրթության և գիտության նախարարության և ֆրանսիական համալսարանի միջև կայացած համագործակցության վերաբերյալ: Մենք ընդհանուր հայեցակետեր ունենք` համալսարանի ռեկտորի անձնական և մասնագիտական արժանիքների գնահատման հարցում: Համոզված եմ, որ ֆրանիսական համալսարանը հայ-ֆրանսիական հարաբերությունների մի յուրատեսակ փարոս է»,-նշեց նա:
Հանդիսության ավարտին նախարարը նշեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն ունի նաև բացառիկ առաքելություն և հանդիսանում է ֆրանսիական քաղաքականության և մշակույթի դեսպանը մեր երկրում: