Համագործակցության առաջարկն ընդունվեց

2009-10-06

Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հատուկ կրթության բնագավառի հիմնախնդիրների և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացները: Այդ նպատակով ուսումնական տարվա սկզբին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համագործակցության առաջարկով դիմել էր քաղաքացիական հասարակության կառույցներին` ստեղծել հանրային վերահսկողության խորհուրդ և միանալ նախարարության ներուժին, որպեսզի համատեղ ուժերով բարձրացված խնդիրներին լուծումներ տրվեն:

Առաջարկին արձագանքել է 28 կազմակերպություն, որոնց հետ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ առաջին հանդիպումը: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը կարևորեց նմանատիպ նախաձեռնությունները` նշելով, որ հատուկ կրթությունը հանրակրթության ամենակարևոր օղակներից է, որը պահանջում է առանձնահատուկ մոտեցում: «Միայն համակարգված մոտեցումը հատուկ ուսումնական հաստատությունների նկատմամբ թույլ կտա հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին ընձեռել առավելագույն հնարավորություններ, և այս հարցում նախարարությունը ապավինում քաղաքացիական հասարակության աջակցությանը»,-նշեց նա` հավաստիացնելով, որ գործնական փորձառություն ունեցող յուրաքանչյուր կազմակերպության առաջարկություն անհետևանք չի մնա:
Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրին հատուկ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք վերջին երեք տարիներին թևակոխել են նոր փուլ: 2005 թվականին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Սկսել է գործել Երևանի Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը, որի գործունեության հիմնական առարկան երեխաների ֆիզիկական, մտավոր և  հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումն է, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան` կրթության իրականացման ձևերի ընտրությունը: Գնահատման արդյունքում երեխաներից շատերը տեղափոխվել են հանրակրթական և ներառական կրթություն իրականացնող դպրոցներ:
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան մի շարք խնդիրների և ներկայացրին իրենց տեսակետները: Բոլորը միակարծիք էին, որ պետք է ստեղծվի անկախ քաղաքացիական վերահսկողության խումբ, որը դպրոցներում կիրականացնի հանրային վերահսկողություն և նախարարությանը պարբերաբար կներկայացնի համապատասխան զեկույցներ և առաջարկներ:  Հանդիպման ավարտին որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս գործընթացը կանոնակարգող իրավական փաստաթղթի մշակման աշխատանքներով, որում կամրագրվեն խորհրդի գործունեության շրջանակները, համապատասխան էթիկայի կանոնները, կճգրտվեն հիմնական սկզբունքները  և իրականացման գործիքները: Ներկաներին տեղեկացվեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` 2009 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հատուկ հանրակրթական դպրոցներում ստուգում իրականացնելու մասին: Ուսումնասիրությունները հիմք կծառայեն հատուկ կրթության ոլորտի  հետագա ծրագրերի իրականացման համար: Ոլորտի պատասխանատուներն առաջարկեցին այս ուսումնասիրությունների ընթացքում ներգրավել տվյալ հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներին: Հանդիպման մասնակիցներն ընդունեցին առաջարկությունը` մասնակցել առաջիկա ստուգումներին և խոստացան ներկայացնել իրենց դիտարկումները` նախատեսվող մարմնի գործունեության վերաբերյալ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։