Հասարակությունը` պայքարի առաջամարտիկ
2009-10-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես-Տրեխոյի հետ: Ծրագիրը տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրում ՀՀ քաղաքական և պետական կառույցներին` հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման գործում:
Էդուարդո Ֆլորես-Տրեխոն տեղեկացրեց, որ պետական կառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն կազմակերպվել է հակակոռուպցիոն չորս ֆորում, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության խնդիրները: Ծրագիրը նախատեսում է Գյումրիում անցկացնել հինգերորդ ֆորումը, որի թեման է` հակակոռուպցիոն տարրի ներգրավումը կրթական ծրագրերում: Ֆորումին նախատեսվում է միջազգային փորձագետների մասնակցություն:
Նախարարը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախարարության գերակայություններից մեկն է, և իրականացվող ծրագրերն ամբողջությամբ համահունչ են պետական քաղաքականությանը: «Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության գրավականը շահառու խմբերի համախմբումն է: Հասարակությունը պետք է լինի այդ պայքարի առաջամարտիկը և միշտ լինի գործողությունների կիզակետում: Եթե հասարակությունը չմասնակցի նշված գործընթացներին, ապա այդ պայքարը դատապարտված է` անկախ ներդրվող ջանքերին»,-նշեց նա:
Արմեն Աշոտյանը կարևորեց ֆորումի անցկացման վայրը` նշելով, որ ապակենտրոնացման քաղաքականությունը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած մարտավարությանը:
Մասնակիցներն անդրադարձան ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող «Կրթությունն ընդեմ կոռուպցիայի» ծրագրին, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից: Ծրագիրը ներառում է ուսուցիչների համար հակակոռուպցիոն կրթության մեթոդական ձեռնարկի մշակում, ՀՀ ութ հանրակրթական ուսումնական հաստատությունում պիլոտային դասընթացների կազմակերպում և ուսուցիչների վերապատրաստում: