Հանդիսությունները շարունակվում են
2009-10-03
Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցավ պաշտոնական արարողություն` նվիրված Ուսուցչի օրվան: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, պետական և հասարակական գործիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը նշեց, որ այս տոնը ևս մեկ առիթ է` կարևորելու ուսուցչի դերը մեր կյանքում:
«Ուսուցիչների աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագան, մանավանդ, որ 21-րդ դարում գիտելիքը ոչ միայն տնտեսության հենքն է, այլև հասարակության: Ուսուցիչներն իրենք ամեն օր պետք է սովորեն, որովհետև աշխարհն արագ է փոխվում, գիտելիքները շատ արագ հնանում են, և եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից ուսուցիչ, ապա պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ և միջավայր, որպեսզի ուսուցիչը ոչ միայն գնահատված լինի հասարակության կողմից, այլ իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում հնարավորություն ունենա վերապատրաստվելու, հետևելու ժամանակակից դպրոցի բոլոր զարգացումներին և համապատասխանելու ժամանակակից ուսուցչի կարգավիճակին»,-նշեց վարչապետը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսուցչի կարգավիճակը Հայաստանում ըստ արժանվույն գնահատվի. 2002 թվականից առ այսօր ուսուցիչների աշխատավարձը ՀՀ–ում ավելացել է չորս ու կես անգամ: Պետության այս մոտեցումը վկայում է այն մասին, որ ուսուցիչները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն առաջարկեց նաև վերանայել մրցանակաբաշխության կարգը, և մյուս տարի պարգևատրվող ուսուցիչների ցանկում ներգրավել նաև սփյուքի կրթօջախների մանկավարժներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով բոլոր մանկավարժներին, նշեց. «Ես մաղթում եմ, որ ամեն տարի յուրաքանչյուր ուսուցիչ կյանք ճանապարհի գեթ մեկ աշակերտ, ով մոտ ապագայում իրեն կգերազանցի թե’ մասնագիտական, թե’ հասարակական, թե’ բարոյական և թե գիտելիքի առումով և կլինի իր ուսուցչից ավելի հմուտ, պատրաստված և հայրենասեր քաղաքացի: Ես վստահ եմ, որ այդ դեպքում միայն Հայաստանը շատ ավելի արագ կհասնի այն նպատակներին, որոնք ամրագրված են ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում»:
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքները: ՀՀ վարչապետը «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 7 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Հակոբյանին և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգի մրցանակակիր` Սյունիքի մարզի Կապանի թիվ 6 մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Այվազյանին հանձնեց ավտոմեքենաների բանալիներ: Տարվա լավագույն տնօրեն ճանաչված Շիրակի մարզի Գյումրիի թիվ 2 դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը ստացավ համակարգիչ, որը տրամադրել էր Երևանի պետական համալսարանը:
Կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար 2 ուսուցիչ ստացավ ՀՀ վարչապետի հուշամեդալ, ևս 13-ը` ՀՀ վարչապետի շնորհակալագիր:
ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» և պատվոգրերի արժանացան մի խումբ ուսուցիչներ ու տնօրեններ:
Մանկավարժներին հանձնվեցին նաև այլ խրախուսական մրցանակներ ու պարգևներ: