Պարգևատրվեցին լավագույնները

2009-10-02

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես «Ուսուցչի օր»: Մանկավարժների մասնագիտական տոնի առթիվ մեր հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են հանդիսություններ և միջոցառումներ: Այս տարին ևս բացառություն չէ. կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար  հանրապետության մի շարք մանկավարժների այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարը Արմեն Աշոտյանը շնորհեց պարգևներ` ՀՀ կրթության և գիտության նախարարության 7 «Ոսկե» հուշամեդալ» և 15 պատվոգիր:

Շնորհավորելով ուսուցիչներին տոնի կապակցությամբ` նախարարը նշեց. «Ինձ համար այսօր մեծագույն պատիվ է հյուրընկալել և անձամբ հանձնել Ձեր վաստակի մեր համեստ գնահատականը, որը նախևառաջ բարոյական խրախուսանք է: Ձեր ամենօրյա աշխատանքում դուք անընդհատ  բախվում եք բազում խնդիրների  և պայքարում եք մեր կրթական համակարգի, մեր աշակերտների, բայց իրականում` հանուն մեր երկրի ապագայի, և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որպես օրինակ ունենալով ձեզ և իրենց ավագ ընկերներին, պետք է հպարտություն զգան` որպես ՀՀ քաղաքացիներ, և սովորելու նկատմամբ սերը պետք է նրանց ուղեկցի ողջ կյանքի ընթացքում»:
Նախարարը նշեց, որ պետությունը գործադրում է ամեն  ջանք,  որպեսզի դպրոցը լինի պետական հոգածության, ուշադրության և ֆինանսավորման կենտրոնում: Կրթության բնագավառի զգալի հատվածը բաժին է ընկնում հանրակրթությանը, և մյուս  տարի, անկախ խնդիրներից, ՀՀ կառավարությանը կհաջողվի պահպանել այն ներդրումները, որոնք նախատեսված էին 2009թ պետական բյուջեում:
Հանդիսության ավարտին ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին նախարարին` իրենց աշխատանքն արժանվույն գնահատելու համար: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։