Խնդիրը որակյալ կրթություն ապահովելն է

2009-10-02

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական  Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում հայ-իրանական  համագործակցության, մասնավորապես  հայաստանյան բուհերում  Իրանի Իսլամական Հանրապետության  ուսանողների  կրթության հետ կապված հարցեր: Դեսպանը ներկայացրեց ԻԻՀ կրթական համակարգը` նշելով որ Իրանի կառավարությունն ու  գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը արտերկրում սովորող ուսանողների կրթության որակի ապահովմանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում:

Նա շեշտեց, որ արտերկրում կրթություն ստացած ուսանողներն Իրանում ևս մեկ անգամ քննություն են հանձնում, որից հետո  միայն նրանց թույլատրվում է աշխատել համապատասխան մասնագիտությամբ: Ներկայացնելով Հայաստանում  իրենց քաղաքացիների ուսման հետ կապված խնդիրները` դեսպանը նշեց, որ ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, որն ուսումնասիրում և փորձում է լուծումներ  տալ  իրենց քաղաքացիների կրթության հետ կապված խնդիրներին:
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը,  ողջունելով ԻԻՀ դեսպանին, նշեց,  որ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը  պետք է տարածվի  նաև կրթության և մշակույթի ոլորտում: «Մեր պետությունների միջև համագործակցությունը կրթության ոլորտում  պետք է ավելի ամրապնդվի և մեր խնդիրն է  ապահովել որակյալ կրթություն: Այդ ուղղությամբ նոր քայլեր են ընթանում,  որակի նոր չափորոշիչներ են  ներդրվում մեր բուհական համակարգում»,- նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև  ինովացիոն բնագավառում գործնական ծրագրի ժամկետների թարմացման   հարցը: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանին  փոխանցեց ԻԻՀ-ի գիտության և տեխնոլոգիաների նախարարի Հայաստան  այցելելու հրավեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։