Ստուգումներ հանրապետության հատուկ դպրոցներում
2009-10-02
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հատուկ կրթության բնագավառի հիմնախնդիրների և դրանց նկատմամբ հանրային վերահսկողության ընդլայնման գործընթացները: Այդ նպատակով սեպտեմբերի սկզբին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համագործակցության առաջարկով դիմել է միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` ստեղծել հանրային վերահսկողության խորհուրդ: Առաջարկին արձագանքել է շուրջ 25 կազմակերպություն:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման /02.10.2009թ. թիվ 868-Ա/Ք/ է ստորագրել` 2009 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հատուկ հանրակրթական դպրոցներում ստուգում իրականացնելու մասին: Համաձայն հրամանի` նախատեսվում է ուսումնասիրել առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների կատարման, սովորողների և շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման և գնահատման, ինչպես նաև անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ և այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածության հարցերը: ՀՀ կրթության պետական տեսչությունը ստուգումներ կիրականացնի նաև ուսումնական հաստատության ղեկավար և մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, որակավորման գործընթացի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև կրթության որակի նկատմամբ ուսհաստատությունների կանոնադրական պահանջների կատարման, կառավարման մարմինների լիազորությունների իրականացման ուղղությամբ:
Ուսումնասիրությունները հիմք կծառայեն հատուկ կրթության ոլորտի հետագա ծրագրերի իրականացման համար: