Երկու մասնակից` երկու մրցանակ

2009-09-30

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում սեպտեմբերի 25-26-ը անցկացվեց «Սկսնակների համագործակցություն» խորագրով երիտասարդ մանկավարժների մրցույթ, որը կազմակերպել էր ԱՊՀ մասնակից երկրների Միջպետական հումանիտար հիմնադրամը: Մրցույթն անցկացվել է «Մայրենի լեզու», «Պատմություն» և «Ռուսաց լեզու» առարկաներից, որոնցից յուրաքանչյուրի համար  սահմանվել է 3 մրցանակ: Մրցույթին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երկու երիտասարդ մասնագետ` Երևանի թիվ 198 դպրոցի պատմության ուսուցիչ Սարգիս Խաչատրյանը և Կոտայքի մարզի Արգել գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Գաբրիելյանը:

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել ութ երկրի ինը մասնակից, որոնցից երկուսը` Հայաստանից: Այս կապակցությամբ այսօր հաղթողներին ընդունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհավորելով երիտասարդ մասնագետներին` նախարարը կարևորեց այն փաստը, որ Հայաստանի սահմաններից դուրս մեր մասնագետները բարձր են պահում հայ ուսուցչի վարկը` արժանանալով նման բարձր մրցանակների: «Հուսով եմ, որ այս հաղթանակը նոր խթան կհանդիսանա ձեզ համար` ձգտելու ավելի մեծ բարձունքների և հավուր պատշաճի իրականացնելու ձեր հիմնական առաքելությունը` ի շահ մեր երկրի ապագայի»,-նշեց նախարարը: Նա հավաստիացրեց, որ հանրակրթական դպրոցի հաջողությունը պայմանավորված է նախևառաջ որակյալ  և երիտասարդ կադրերի հեռանկարով:
Սարգիս Խաչատրյանը և Գայանե Գաբրիելյանը նախարարին ներկայացրին մրցույթի պայմանները: Մասնակիցները մրցութային հանձնաժողովին նախօրոք ներկայացրել են դասի պլանը, որն անպայման ենթադրել է նորարարական մեթոդների առկայություն, ինչպես նաև տվյալ դասի տեսանյութը: Հանձնաժողովը բարձր է գնահատել մեր մասնագետների աշխատանքները` նրանց արժանացնելով համապատասխան վկայականի և շքանշանի:
Հանդիպման ավարտին նախարարը երիտասարդ մանկավարժներին շնորհավորեց «Ուսուցչի օրվա» կապակցությամբ` նրանց մաղթելով ուժ, կորով և համբերություն անչափ դժվար, բայց պատասխանատու գործում, իսկ ուսուցիչ Սարգիս Խաչատրյանին, ով վերոնշյալ տոնի կապակցությամբ հրավիրվել է Մոսկվա` ՌԴ նախագահի մոտ ընդունելության, մաղթեց հաջողություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։