Կրթություն բոլորի համար

2009-09-29

Ծաղկաձորում մեկնարկեց երկօրյա տարածաշրջանային համաժողով` «Կրթություն բոլորի համար` կրթության որակի բարձրացման և ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ» թեմայով: Համաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային գրասենյակը: Միջոցառման համակազմակերպիչներն են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը:

Համաժողովին մասնակցում են 21 փորձագետ ԱՊՀ երկրներից` Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Միջին Ասիայի երկրներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև նաև 31 հայ փորձագետ: Համաժողովի նպատակն է քննարկել և վերլուծել տարածաշրջանում կրթության որակի և ներառական կրթության հետ կապված խնդիրները և նորարարական մոտեցումները, ինչպես նաև ներկայացնել ներառական կրթության ոլորտում միջազգային փորձը և տարբեր երկրների արձանագրած հաջողություններն ու հիմնախնդիրները: Համաժողովի բացմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձառու մասնագետների հետ քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ մեխանիզմներ մշակել կրթական ոլորտի, մասնավորապես ներառական կրթության իրականացման համար: Նրա համոզմամբ` նմանատիպ տարածաշրջանային համաժողովները չափազանց կարևոր են և նպաստում են ոլորտի խնդիրների արագ լուծմանը, քանի որ երեխայի կրթական իրավունքի իրականացումը համընդհանուր և արդիական խնդիր է: «Պետք է խոստովանել, որ ներառական կրթության ոլորտում մենք ունենք ոչ միայն նորարարական մոդելներ, տարեցտարի ընդլայնվող համապատասխան ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանց, պետական հատկացումների աճ, այլև համընդհանուր չլուծված խնդիրներ՝ ներառական կրթություն իրականացնելու հնարավորությունների սահմանափակումներ, որոնք  ֆինանսական և տարիների  ոչ բարենպաստ  ժառանգության   հետևանք են»,- ասաց նախարարը:  Նրա խոսքով, ֆինանսական ճգնաժամը ռիսկային է դարձնում կրթության մատչելիությունը ոչ միայն հատուկ և ներառական, այլև  կրթության մյուս բնագավառներում. «Կրթության որակը մեզ համար խիստ արդիական է, քանի որ Հայաստանը վերջին տարիներին կրթական բարեփոխման բուռն հորձանուտում է, բայց միաժամանակ պահպանվում են խնդիրներ, որոնք կապված են հասարակական ընկալումների հետ: Ինչպես ցանկացած երկիր, Հայաստանը նույնպես կարիք ունի այս ոլորտում հասարակության  տեղեկացվածության և աջակցության»: Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ հաջողվել է վերացնել այն կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն հատուկ կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման հետ կապված, և այսօր արդեն կրթական ներառական մոդելն ընկալելի է հասարակության համար: «Տարեցտարի ներառական կրթության բնագավառում աշակերտների թիվն աճում է. այս տարվա տվյալներով` ունենք շուրջ 900 աշակերտ, որոնք սովորում են ներառական դպրոցներում, և մեր նպատակն է` հատուկ և ներառական համակարգերի միջև հարաբերակցությունը փոխել դեպի ներառական կրթական համակարգ»,-նշեց նախարարը: Համաժողովի ընթացքում փորձ կարվի համաձայնեցնել ԱՊՀ երկրներում կրթության որակի բարձրացմանը  և ներառական կրթությանն ուղղված ընդհանուր մոտեցումները, մշակել ուսուցման համապատասխան մեթոդներ մանկավարժական համալսարանների, օրենսդիր մարմինների և ոլորտի պատասխանատուների համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։