Կայացավ նախարարին կից կոլեգիայի երկրորդ նիստը
2009-09-29
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարում էր կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին «ՀՀ կրթության զարգացման 2008-2015 թթ. պետական ծրագրի» նախագծի հիման վրա «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» նախագիծ մշակելու մասին, «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի քննարկման և այլ հարցեր:
Բացելով նիստը և անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` նախարարը կոլեգիայի անդամներին տեղեկացրեց, որ «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագրի» գործողությունների ժամկետն ավարտվել է 2005 թվականին, և առ այսօր չի ընդունվել նորը: «Այս խնդիրը բարձրաձայնվել է տարբեր օղակներում` և’ նախարարությունում, և’ Ազգային Ժողովում` հանձնաժողովային քննարկումների ժամանակ: 2007 թվականին ԿԳ նախարարությունը ԱՄՆ զարգացման գործակալության օգնությամբ մշակել է նախագիծ, որն ընթացք չի ստացել, թեպետ պատրաստ է եղել իր հիմնական բաղադրիչներով և բովանդակությամբ: Առաջարկում ենք նոր ռազմավարական ծրագիրը մշակել նախորդ նախագծի լրամշակման հիման վրա»,-նշեց նախարարը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռ. Թոփչյանը: Ռ. Ստեփանյանը ներկայացրեց «ՀՀ կրթության զարգացման 2008-2015 թթ. պետական ծրագրի» նախագծի հիման վրա «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» նախագծի հիմնական բաղադրիչները` հայեցակարգը, առկա վիճակը և հիմնախնդիրները, գերակայությունները, հիմնական ծրագրային ուղղությունները և միջոցառումների ժամանակացույցը: Փաստաթղթում ամրագրված են կրթության հիմնական մարտահրավերները` անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում, աղքատության հաղթահարում և բարեկեցության ապահովում, կայուն տնտեսական աճի ապահովում, միջազգային համագործակցություն և հայապահպանություն: Իբրև տեսլական` կրթությունը դիտարկվում է որպես Հայաստանի մրցակցային առավելություն` կրթության վարկանիշի և վստահության աճի, ինչպես նաև Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի համբավի ամրապնդման համատեքստում: Ծրագրի հիմնական նպատակն է` ապահովել կրթական բարձրակարգ նվաճումների առաջանցիկ աճ, զարգացնել միջազգային համագործակցության ներուժը և նպաստել յուրահատուկ ինքնության գիտակցմանը և արժևորմանը: «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» գերակայություններ են սահմանվել`
• Բացառիկ նվաճումներին ուղղված ծրագրերը խրախուսող ներդրումային քաղաքականություն:
• Բարեփոխումներն առաջնորդելու կարողությունների հզորացում:
• Գործունեության հաշվետվողականություն և թափանցիկության բարելավում:
• Կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում:
• Դասավանդող կադրերի կարողությունների հզորացում:
• Համակարգի օպտիմալացում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
• Միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնում:
Ըստ նախագծի` հիմնական ծրագրային ուղղություններ են սահմանվել հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև աջակցությունը սփյուռքի հայկական կրթօջախներին, կառավարման համակարգի բարելավումը:
Օրակարգի երկրորդ հարցը` «Մասնագիտական կրթության բնագավառում հավատարմագրման գործընթացի բարեփոխումների հայեցակարգի» նախագիծը, ներկայացրեց Ռ. Թոփչյանը: Որպես փաստաթղթի հիմնական նպատակներ` նշված են որակյալ կրթության խթանումը, միջազգայնորեն համադրելի ու մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, ՄՈՒՀ-երի ակադեմիական ազատությունների և ինքնավարության զարգացումը և կրթական դաշտի թափանցիկության ապահովումը: Ռ. Թոփչյանը հավաստիացրեց, որ հայեցակարգի ընդունումը կլուծի մի շարք հիմնախնդիրներ` մասնագիտական կրթության համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին, կրթական համակարգի արդյունավետության բարձրացում, ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովում և կրթության համապատասխանեցում պետական կրթական չափորոշիչներին: Որպես հիմնական մոտեցումներ նախագծում ամրագրված են`
• Բարելավել ենթակառուցվածքների և կրթական ծրագրերի որակը:
• Կենտրոնանալ կրթական գործընթացների վրա:
• Օգտագործել միջազգային լավագույն փորձը:
• Հաշվի առնել ազգային առանձնահատկությունները:
• Հարգել ինստիտուցիոնալ անկախությունը և յուրահատկությունը:
• Գործել միասնական սկզբունքներով` պետական և մասնավոր սեկտորում:
• Հավաստել որակի կայունությունը:
• Ապահովել մասնակցային գործընթաց (ուսանողներ, գործատուներ և այլն):
Ըստ նախագծի` հավատարմագրման գործընթացը կազմակերպվում է` հիմք ընդունելով Որակավորումների ազգային շրջանակը, պետական կրթական չափորոշիչները, ՈԱԱԿ-ի մշակած չափանիշները և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներից բխող միջազգային երաշխավորությունները և ուղենիշները: Զեկույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև հավատարմագրման փուլերին, նախապայմաններին, առավելություններին և իրականացման հնարավոր ռիսկերին:
Զեկուցումներից հետո կոլեգիայի անդամները հարցեր ուղղեցին զեկուցողներին: Նիստի վերջում քննարկված բոլոր հարցերի շուրջ կոլեգիան կայացրեց որոշում: