«Ոսկե հուշամեդալ» բարերարին
2009-09-28
ՀՀ կրթության ոլորտում բարեգործական բազմաթիվ ծրագրերի իրագործման համար «Գուլամերյան» կրթավճարային ծրագրի հիմնադիր, Հայ օգնության ֆոնդի բարերար Հարոլդ Գուլամերյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Պարգևը Հայ օգնության ֆոնդի խորհրդի անդամ Մայքլ Հարաթունյանին այսօր հանձնեց նախարար Ա. Աշոտյանը: Շնորհակալություն հայտնելով կատարած մեծ աշխատանքի համար` նախարարը նշեց, որ դժվար է գերագնահատել այն:
«Լինելով հայրենիքի կողքին` դուք կիսում եք խնդիրների մի մասը` երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալապես անապահով ուսանողների շահերի պաշտպանության տեսակետից: ՀՕՖ-ի ծրագրերը շուրջ 250 երիտասարդի հնարավորություն են տալիս առավել լավատեսորեն նայել դեպի ապագան»,-նշեց նախարարը:
Ա. Աշոտյանը` ի դեմս Հարոլդ Գուլամերյանի, իր երախտագիտությունը հայտնեց սփյուռքի բոլոր բարերարներին, որոնց աջակցությամբ իրականացվող ծրագրերը կրում են շարունակական բնույթ: