Հասարակությանը դարձնենք մեր գործընկերը

2009-09-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աղքատության հաղթահարման և տնտեսական կառավարման բաժնի գլխավոր տնտեսագետ Ռոբերտ Տալիերսիոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում կրթական կարևորագույն խնդիրների լուծմանը միտված, մասնավորապես, «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի երկրորդ փուլով նախատեսված ներդրումային ծրագրերում ներառված առաջնահերթությունները:  
Վարկային երկրորդ փուլով նախատեսվում է միջոցներն ուղղել բարձրագույն կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական կրթության ոլորտի նոր ֆինանսավորման շրջանակին միտված միջոցառումներին: Նախարար Ա. Աշոտյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ կրթության բնագավառի բարեփոխումները դժվար է տարանջատել Համաշխարհային բանկի իրականացրած ծրագրերից, որովհետև դրանք բխում են մեր ընդհանուր կրթական մոտեցումներից և հայեցակարգային են: «Մեզ համար խիստ կարևոր է կրթության որակի, ինչպես նաև Որակի ապահովման ազգային կենտրոնի կարողությունների զարգացման խնդիրը: Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի սոցիալական հետևանքները` 2010թ.-ին նախատեսվում է երկու հիմնական ծրագիր` նախադպրոցական կրթության և ուսանողների վարկավորման հետ կապված, որոնք ունեն սոցիալական հնչեղություն և կոչված են ապահովելու կրթության մատչելիությունը  բոլոր սոցիալական խմբերի համար»,-նշեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում նախատեսվում է անցկացնել նախարարության և Համաշխարհային Բանկի համատեղ համաժողով, որի ընթացքում կամփոփվեն վարկային առաջին ծրագրի արդյունքները և կազդարարվի երկրորդի սկիզբը: Նախարարն անդրադարձավ նաև բարեփոխումների հասարակական ընկալման խնդրին` շեշտելով, որ վարկային առաջին ծրագրով իրականացված բարեփոխումները հանրային իրազեկման խնդիրներ են ունեցել, որից էլ բխել է հասարակության վստահության պակասը: «Հասարակության, այդ թվում շահառու խմբերի` ուսուցիչների, ծնողների և աշակերտների համար, բարեփոխումների մի մասը հասկանալի չի եղել: Հետագա բարեփոխումների արդյունավետության ապահովման նպատակով մենք նախատեսում ենք հասարակությանը դարձնել մեր գործընկերը և բարձրացնել վերջինիս իրազեկվածության աստիճանը»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:
Ռոբերտ Տալիերսիոն հիմնականում անդրադարձավ ռազմավարական նշանակության երկու անկյունաքարային գործողությունների` ուսանողների վարկավորման փորձնական ծրագրի և բարձրագույն կրթության ոլորտում մրցակցային /իննովացիոն/ հիմնադրամի գործարկմանը: Դրանք ուղղված են աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերին` մեղմացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը և նպաստելով ՀՀ-ի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին մասնակիցներն անդրադարձան նաև հաջորդ տարվա բյուջեով նախատեսված կրթական ծրագրերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։