Երկխոսություն` կրթություն և աշխատաշուկա

2009-09-23

Նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երիտասարդների կայուն և լիարժեք զբաղվածության ապահովման նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև  կնքվեց նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մ. Սարգսյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Ա. Ղազարյանը:Հուշագրի նպատակն է աջակցել մասնագիտական կրթության որակի բարձրացմանը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել կրթության զարգացման ռազմավարական նպատակներից բխող ծրագրերի մշակմանն ու ներդրմանն ուղղված բարեփոխումներին: Նախարար Ա. Աշոտյանը, կարևորելով ստորագրվող փաստաթղթի նշանակությունը, նշեց, որ այն մասնագիտական կրթության անկյունաքարային բարեփոխումների շարքում կարևորագույն փաստաթուղթ է, որի շրջանակում կլրամշակվեն այնպիսի ծրագրեր, որոնք համահունչ կլինեն մեր աշխատաշուկային, կբարձրացնեն մասնագիտական կրթության որակը, կնպաստեն նորարարական կրթական տեխնոլոգիաների մուտքը մասնագիտական կրթության բնագավառ և կսերտացնեն համագործակցությունը գործատուների և նախարարության միջև: «Կրթության համակարգը կոչված է իրականացնելու նաև տնտեսության պատվերը, և մենք պատրաստ ենք ներդնել այնպիսի չափորոշիչներ, ուսումնական ծրագրեր, մեթոդներ, որոնք համահունչ կլինեն մեր գործատուների ակնկալիքներին, և որոնց միջոցով մեր երիտասարդ կադրերը ոչ միայն կհամալրեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների շարքերը,  այլ նաև պիտանի կլինեն գործատուներին և իրենց ներդրումը կունենան մեր տնտեսության զարգացման գործում»,-նշեց Ա. Աշոտյանը: Նախարարը շեշտեց, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվում են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Եվրամիության աջակցությամբ և միտված են աղքատության կրճատմանը, և այս տեսակետից ծրագիրը համահունչ է կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարությանը` փնտրել և գտնել մեծ թվով շահագրգիռ գործընկերներ, որոնք պատրաստ են հղկել կրթական շուկան և այն  համապատասխանեցնել ոչ միայն առկա տնտեսական պայմաններին, այլև պետության տնտեսական զարգացման գերակայություններին և ապագայում գիտելիքահենք տնտեսության մոդելի իրականացմանը և կյանքի կոչմանը Հայաստանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։