Համակարգչային գիտելիքները պետք է լինեն համատարած
2009-09-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և «Սոֆթ Լայն» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսլան Բելոուսովի գլխավորած պատվիրակություններին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Հայաստանում և Կասպերսկու Լաբորատորիայի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները:
Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Կասպերսկու Լաբորատորիայի` կրթության ոլորտում իրականացրած ծրագրերը, որոնք հայտնի են աշխարհում և բավականին արդյունավետ են, տարածում են ստացել նաև Հայաստանում: «21-րդ դարում համակարգչային գիտելիքների և տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը ոչ թե մասնագիտական բնույթի պետք է լինի, այլ համատարած, համընդհանուր և հասարակության մեջ առանձնահատուկ ուշադրության արժանանա»,-նշեց Ա. Աշոտյանը:
Հասարակության համակարգչային գիտելիքների բարձրացման խնդիրը պետք է դրվի հանրակրթական դպրոցից, և նախարարությունն այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում է խոշոր բիզնես կառույցների, մասնավորապես Մայքրոսոֆթ ընկերության և այլ կազմակերպությունների հետ և պատրաստ է նույն մեխանիզմներով աշխատել նաև ապագայում այլ կառույցների հետ, եթե, իհարկե, այդ ամենը բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակում է:
Եվգենի Կասպերսկին ներկայացրեց, որ ընկերության գործունեությունը հիմնականում երեք ուղղությամբ է` բիզնես, ուսուցում և տեղեկատվական անվտանգություն: Վերջինիս հետ կապված` ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների հետ: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հիմնական գործընկերը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է, որի հետ իրականացվում են համատեղ ծրագրեր: Նշվեց, որ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրականացվեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվտանգության հարցերի վերաբերյալ դասընթացներ, կկազմակերպվեն սեմինարներ, կոնֆերանսներ և մրցույթներ:
«Համակարգչային գիտելիքների, տեղեկատվական անվտանգության բարձրացման տեսանկյունից ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ավելի հաստատ նայել ապագային: Համապատասխան առաջարկությունների դեպքում նախարարությունը պատրաստ է հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել ներկայացված կրթական ծրագրերի փաթեթները, եթե դրանք, իհարկե, համապատասխանում են մեր կրթական չափորոշիչներին»,- հավաստիացրեց նախարարը:
Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների ներդրմանը, «Սոֆթ Լայն» ընկերության գործունեությանը և ուսումնական նոր ծրագրերին վերաբերող հարցեր:












